Կինս սպառնում է, որ առանց իմ համաձայնության մեր երեխային կտանի երկրից. ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Ընտանեկան բռնություն

Կինս սպառնում է, որ առանց իմ համաձայնության մեր երեխային կտանի երկրից. ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Անձի ազատ տեղաշարժման իրավունքը ՀՀ տարածքով կամ դրանից դուրս՝ որպես կարևորագույն իրավունք, սահմանված է ՀՀ Սահմանադրության մեջ, և այդ իրավունքը կարող է սահմանափակել միայն բացառիկ դեպքերում, այն էլ՝ դատարանի որոշման հիման վրա։ Ներկայում գործնականում կան մի շարք երկրներ (օրինակ՝ Վրաստան, ՌԴ և այլն), որոնք սահմանը հատելուց չեն պահանջում մյուս ծնողի գրավոր համաձայնությունը և բավարարվում են միայն նրանով, որ անչափահաս երեխային ուղեկցում է նրա ծնողը։ Իսկ մի շարք այլ երկրներում, որտեղ տրամադրվում են վիզաներ, պահանջվում է պարտադիր ներկայացնել երեխայի մյուս ծնողի գրավոր համաձայնությունը, այն էլ՝ նոտարական կարգով վավերացված տարբերակով, և եթե ծնողը դա չի ներկայացնում, ապա այդ պետությունները արգելում են երեխայի մուտքն իրենց երկրի տարածք։

Երեխայի ապօրինի ելքը երկրից կանխելու նպատակով անհրաժեշտ է դիմել դատարան՝ ներկայացնելով երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջ։ Այս պահանջը ներկայացնելուն զուգահեռ՝ անհրաժեշտ է, որ դատարանին հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդություն ներկայացնեք՝ խնդրելով մինչև գործի ավարտն արգելել պետական իրավասու մարմիններին թույլատրել երեխայի ելքը ՀՀ-ից։ Այս միջնորդությունը դատարանի կողմից բավարար­վելու դեպքում դատական ակտի պահանջը կկատարվի ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով, որը համապատասխան գրություններ կուղարկի սահմանապահ մարմիններին՝ պահանջելով արգելել երեխայի ելքը ՀՀ-ից։ ՀՀ-ից երեխայի ելքն արգելելու միջնորդությունը կարող եք հիմնավորել նրանով, որ եթե ապագայում դատարանը բավարարի տեսակցության կարգ սահմանելու մասին պահանջը, ապա Դուք իրավունք կունենաք երեխային տեսակցել ըստ սահմանված տեսակցության կարգի, և եթե երեխային արդեն իսկ դուրս տարած լինեն երկրից, ապա դատական ակտի կատարումը կդառնա անհնարին։

Հայցապահանջը, ինչպես նաև հայցի ապահովում կիրառելու միջնորդությունը ճիշտ կազմելու և ներկայացնելու համար խորհուրդ է տրվում դիմել իրավաբանական օգնության, քանի որ կախված միջնորդության հիմնավորվածությունից՝ դատարանն է որոշելու՝ բավարարե՞լ այն, թե՞ մերժել։

Փաստաբանական գրասենյակների ցանկին և տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ կամ այստեղ։

Իսկ փաստաբանների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո6
Ոչ4