Հարևանս հարբեցող է և պարբերաբար ծեծի է ենթարկում իր անչափահաս երեխային, հաճախ նրան տանը մենակ է թողնում, չի խնամում․ ի՞նչ անել և ո՞ւմ դիմել

Ընտանեկան բռնություն

Հարևանս հարբեցող է և պարբերաբար ծեծի է ենթարկում իր անչափահաս երեխային, հաճախ նրան տանը մենակ է թողնում, չի խնամում․ ի՞նչ անել և ո՞ւմ դիմել

Հարկ է արձանագրել, որ ի պաշտպանություն երեխաների իրավունքների՝ ՀՀ-ում ընդունվել են մի շարք իրավական նորմեր, որոնցով սահմանված են հստակ կարգավորումներ։ Մասնավորապես, նման իրավիճակում առաջնահերթ անհրաժեշտ է ահազանգել ոստիկանություն՝ 1-02 հեռախոսահամարով, քանի որ երեխայի նկատմամբ բռնություն կիրառելը, ծնողական պարտականությունները դիտավորյալ չկատարելը իրենց մեջ պարունակում են հանրորեն վտանգավոր արարքներ, որոնց համար սահմանված է թե՛ քրեական և թե՛ վարչական պատասխանատվություն։

Ավելին, յուրա­քանչյուր համայնք և վարչական շրջան ունի իր կազմում ստեղծված խնամակա­լության և հոգա­բարձության հանձնաժողով, որը օրենքով լիազորված է իրականացնել երեխաների պաշտպա­նություն։ Մանսավորապես, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովները իրականացնում են երեխայի իրավունքների ու շահերի պաշտպանությունը` ծնողական իրավունքները սահմանափակելու, երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից ծնողների խուսափելու (այդ թվում՝ դաստիարակչական, բժշկական, սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից իրենց երեխաներին վերցնելուց ծնողների հրաժարվելու դեպքերում), ինչպես նաև ծնողական խնամքի բացակայության այլ դեպքերում։ Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովները կատարում են նաև համայնքում երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության վիճակի մշտադիտարկում և համայնքում բնակվող այնպիսի ընտանիքների հայտնաբերում, որոնցում առկա է երեխայի իրավունքների կամ շահերի խախտման վտանգ։

Հանձնաժողովներն իրականացնում են այդպիսի ընտանիքներում ապրող երեխաների իրավիճակի հատուկ մշտադիտարկում՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալության կամ բաժնի, հանրակրթական ուսումնական հաստա­տությունների, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների, ինչպես նաև ՀՀ մարզպետարանների, իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակ­ցությամբ։ Ընդ որում՝ մշտադիտարկման ժամկետները և հաճախականությունը սահմանվում են ըստ կարիքի՝ ելնելով իրավիճակից, որի մասին ամեն երեխայի համար ընդունվում է առանձին որոշում, իսկ դրանց արդյունքները, ըստ անհրաժեշտության, կարող են ներկայացվել և քննարկվել երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովում։ Հանձնաժողովներն իրականացնում են նաև աշխատանքներ երեխաների իրավունքների խախտումները և շահերի ոտնահա­րում­ները կանխարգելելու նպատակով, իսկ երեխայի կյանքին կամ առողջությանն անմիջական վտանգ սպառնալու դեպքում երեխային վերցնում են ծնողներից կամ այն անձանցից, որոնց խնամքին է հանձնված երեխան, անհապաղ ապահովում են երեխայի ժամանակավոր տեղավորումը և 7-օրյա ժամկետում դիմում դատարան` ծնողներին (նրանցից մեկին) ծնողական իրավունքներից զրկելու կամ նրանց ծնողական իրավունքները սահմանափակելու հայցով։

Անհրաժեշտ է երեխաների իրավունքների ցանկցած խախտման դեպքում այդ մասին անմիջապես ահազանգել նաև համատասխան համայնքի կամ վարչական շրջանի խնամակալության և հոգաբար­ձության հանձնաժողով՝ պահանջելով իրականացնել համապատասխան միջոցառումներ՝ բացառելու համար նմանատիպ վերաբերմունքը երեխաների նկատմամբ։ Խնամակալության և հոգաբար­ձու­թյան հանձնաժողովների ղեկավարները ի պաշտոնե համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարներն են։

Երևան քաղաքում վարչական շրջանների թեժ գծի հեռախոսահամարներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Մարզպետարանների հեռախոսահամարներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո0
Ոչ0