Ամուսինս ինձ ենթարկում է ֆիզիկական ու հոգեբանական բռնության: Ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Ընտանեկան բռնություն

Ամուսինս ինձ ենթարկում է ֆիզիկական ու հոգեբանական բռնության: Ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

2018 թվականի փետրվարի 1-ից ուժի մեջ մտավ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին» ՀՀ օրենքը, որով հստակ սահմանվեց, թե ինչ պետք է հասկանալ՝ ասելով «ընտանեկան բռնություն», ինչպես նաև, ինչպես պաշտապնվել նմանատիպ բռնություններից։

Ըստ այդ օրենքի, Ընտանիքում բռնություն Է համարվում ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքը, ինչպես նաև անտեսումը, որը կատարվել է ընտանիքի անդամների միջև:

Մասնավորապես, ֆիզիկական բռնություն են հանդիսանում` ծեծելը (երկու և ավելի հարվածներ հասցնելը) և այլ բռնի գործողությունները, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը, ազատությունից ապօրինի զրկելը, դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելը: Հոգեբանական բռնություն է համարվում դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, այդ թվում՝ ֆիզիկական, սեռական կամ տնտեսական բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելը, դիտավորությամբ պարբերաբար այնպիսի գործողություններ կատարելը, որոնք վախ են ներշնչում անձի մեջ իր անձի կամ ընտանիքի այլ անդամների անվտանգության առումով, արժանապատվության պարբերական նվաստացումը, սոցիալական ծայրահեղ մեկուսացումը, հղիու­թյան արհեստական ընդհատում կատարելուն հարկադրելը։

Այն բոլոր դեպքերում, երբ կարծում եք, որ Ձեզ ենթարկում են ֆիզիկական կամ հոգեբանական այնպիսի բռնության, որը նկարագարված է վերոգրյալում, ապա Դուք կարող եք զանգահարել ոստիկանության հերթապահ մաս 1-02 հեռախոսահամարով և հայտնել, որ Ձեր ամուսնու կողմից կատարվել է ընտանեկան բռնություն Ձեր հանդեպ և Դուք օգնության կարիք ունեք։ Այս արարքը դեռևս չի նշանակում, որ ոստիկանները անմիջապես պետք է քրեական գործ հարուցեն և քրեական պատասխանատվության ենթարկեն Ձեր ամուսնուն։ Ոստիկանության աշխատակիցները, նախ, բացատրություններ կվերցնեն երկու կողմերից, որից հետո Ձեր ամուսնուն կվերցնեն հաշվառման, որպեսզի մեկ տարի շարունակ ամեն ամիս պրոֆիլակտիկ զրույցներ անցկացնեն նրա հետ՝ հորդորելով հետագայում զերծ մնալ նման գործողություններից։

Ձեր ամուսինը քրեական պատասխանատվության կենթարկվի միայն այն դեպքում, երբ Դուք համապատասխան գրավոր բողոք ներկայացնեք նրա դեմ այն մասին, որ, օրինակ, նա Ձեզ ծեծի է ենթարկել կամ առողջությանը վնաս է պատճառել։ Նման հանցագործությունների դեպքում քրեական գործը կարող է հարուցվել միայն Ձեր բողոքի հիման վրա, և երբ հրաժարվեք Ձեր բողոքից, այն կկարճվի։

Ոստիկանության աշխատակիցները Ձեր ահազանգի հիման վրա իրավասու են կիրառել հետևյալ միջամտություններից որևէ մեկը․

1) նախազգուշացումը.

2) անհետաձգելի միջամտության որոշումը.

3) պաշտպանական որոշումը:

Նախազգուշացումը կիրառվում է այն դեպքերում, երբ ընտանիքում բռնության դեպքը կատարվել է առաջին անգամ, և կատարված արարքը հանցագործություն չի համարվում։ Նախազգուշացում կիրառելու մասին որոշում կայացվելուց հետո անձին տեղեկացվում է, որ եթե բռնությունը շարունակվի կամ կրկնվի, ապա կկիրառվեն ավելի խիստ պատասխանատվության միջոցներ: Նախազգուշացումը կիրառվում է դեպքի մասին տեղեկանալուց հետո հնարավորին չափ սեղմ ժամկետում: Իսկ եթե ընտանիքի մեկ անդամը մյուսի նկատմամբ բռնություն է կիրառել, և առկա է հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման վտանգի մասին, ապա ոստիկանության իրավասու ծառայողն անհապաղ կայացնում է անհետաձգելի միջամտության որոշում, որը իր մեջ ներառում է, օրինակ՝ 1) հարկադրել Ձեր ամուսնուն անհապաղ հեռանալ բնակարանից և արգելել այդտեղ նրա վերադարձը մինչև սահմանված ժամկետի լրանալը, 2) արգելել Ձեր ամուսնուն այցելել կամ տեսակցել Ձեզ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև Ձեր խնամքի տակ գտնվող անձանց` նրանց աշխատանքի, ուսման, հանգստի, բնակվելու կամ այլ վայրերում, ինչպես նաև՝ կիրառել այլ միջամտական գործողություններ։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո37
Ոչ1