Նախկին ամուսինս հետապնդում է ինձ, վեճեր սարքում երեխայիս ներկայությամբ․ ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Ընտանեկան բռնություն

Նախկին ամուսինս հետապնդում է ինձ, վեճեր սարքում երեխայիս ներկայությամբ․ ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին» ՀՀ օրենքում հստակ լիազորություններ են սահմանվել ոստիկանության աշխատակիցների համար, որոնք Ձեր ահազանգի հիման վրա կարող են միջամտել իրավիճակի կարգավորմանը։ Ընտանիքում բռնություն Է համարվում ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքը, որը կատարվել է ընտանիքի անդամների միջև: Մասնավորապես, ֆիզիկական բռնություն են հանդիսանում ծեծելը (երկու և ավելի հարվածներ հասցնելը) և այլ բռնի գործողությունները, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը, ազատությունից ապօրինի զրկելը, դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելը, իսկ հոգեբանական բռնություն է համարվում դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, այդ թվում՝ ֆիզիկական, սեռական կամ տնտեսական բռնություն գործադրելու սպառնա­լիքներ հնչեցնելը, դիտավորությամբ պարբերաբար այնպիսի գործողություններ կատարելը, որոնք վախ են ներշնչում անձի մեջ իր անձի կամ ընտանիքի այլ անդամների անվտանգության առումով, արժանա­պատվության պարբերական նվաստացումը, սոցիալական ծայրահեղ մեկուսացումը, հղիու­թյան արհես­տական ընդհատում կատարելուն հարկադրելը։

Ձեր ամուսնու կողմից Ձեզ հետապնդելը, Ձեզ վիրավորելը, անհանգստացնելը, սպառնալիքներ հնչեցնելը, վեճեր սարքելը կարող է համարվել ընտանեկան բռնություն Ձեր անձի հանդեպ, որի մասին էլ կարող եք ահազանգել ոստիկանության հերթապահ մաս՝ 1-02 հեռախոսահամարով, և հայտնել կատարվածի մասին։ Սակայն դա դեռևս չի նշանակում, որ ոստիկանները անմիջապես պետք է քրեական գործ հարուցեն կամ քրեական պատասխանատվության ենթարկեն Ձեր ամուսնուն, այլ միայն կմիջամտեն, որպեսզի դադարեցվեն նրա կողմից կատարվող նման ոչ իրավաչափ գործողությունները։ Ոստիկանության աշխատակիցները, նախ, բացատրություններ կվերցնեն երկու ամուսիններից, որից հետո Ձեր ամուսնուն կվերցնեն հաշվառման, որպեսզի մեկ տարի շարունակ ամեն ամիս պրոֆիլակտիկ զրույցներ անցկացնեն նրա հետ՝ հորդորելով հետագայում զերծ մնալ նման գործողություններից, իսկ եթե իրավիճակը լինի ավելի լարված, ապա ոստիկանությունը կարող է ավելի խիստ միջոցների անցնել։ Մասնավորապես, ոստիկանության աշխատակիցները Ձեր ահազանգի հիման վրա իրավասու են կիրառել հետևյալ միջամտություններից որևէ մեկը․

1) նախազգուշացումը,

2) անհետաձգելի միջամտության որոշումը,

3) պաշտպանական որոշումը:

Նախազգուշացումը կիրառվում է այն դեպքերում, երբ ընտանիքում բռնության դեպքը կատարվել է առաջին անգամ․ կատարված արարքը հանցագործություն չի համարվում։ Նախազգուշացում կիրառելու մասին որոշում կայացվելուց հետո անձին տեղեկացնում են, որ եթե բռնությունը շարունակվի կամ կրկնվի, ապա կկիրառվեն ավելի խիստ պատասխանատվության միջոցներ: Նախազգուշացումը կիրառվում է դեպքի մասին տեղեկանալուց հետո հնարավորին չափ սեղմ ժամկետում: Իսկ եթե ընտանիքի մեկ անդամը մյուսի նկատմամբ բռնություն է կիրառել, և առկա է հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման վտանգի մասին, ապա ոստիկանության իրավասու ծառայողն անհապաղ կայացնում է անհետաձգելի միջամտության որոշում, որն իր մեջ ներառում է օրինակ․

1) հարկադրել Ձեր ամուսնուն անհապաղ հեռանալ բնակարանից և արգելել այդտեղ նրա վերադարձը մինչև սահմանված ժամկետի լրանալը,

2) արգելել Ձեր ամուսնուն այցելել կամ տեսակցել Ձեզ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև Ձեր խնամքի տակ գտնվող անձանց` նրանց աշխատանքի, ուսման, հանգստի, բնակվելու կամ այլ վայրերում, ինչպես նաև՝ կիրառել այլ միջամտական գործողություններ, հարկադրել Ձեր ամուսնուն տրամադրել ֆինանսական միջոցներ Ձեր երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով։

Եթե ոստիկանության աշխատակիցները ցուցաբերեն անգործություն, ապա նրանց անգործության մասին կարող եք ահազանգել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ հետևյալ հեռախոսահամարով՝ 116։

Միաժամանակ, խորհուրդ է տրվում դիմել դատարան՝ պահանջելով անչափահաս երեխայի բնակության վայրը սահմանել ձեր բնակության վայրով, որը Ձեզ իրավունք կտա չթույլատրել Ձեր ամուսնուն, որ երեխային վերցնի Ձեզ մոտից։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո12
Ոչ1