Ինչպե՞ս դիմել


Հայաստանցիների իրազեկվածության բարձրացման նպատակով «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ստեղծել է «Ում դիմել» կայքը, որտեղ կարող եք գտնել օգտակար խորհուրդներ, թե ում դիմել և ինչ անել տարատեսակ խնդիրների բախվելու դեպքում։

Կայքում կան շուրջ 20 ոլորտների առնչվող բաժիններ, որոնք, իրենց հերթին, ունեն ենթաբաժիններ: Նախ հարկավոր է գտնել խնդրի ոլորտը, ապա համապատասխան բաժինը բացելուց հետո  գտնել ձեր խնդիրը նկարագրող հոդվածը և հետևել այդտեղ առաջարկվող գործողություններին:

Շատ իրավիճակներում ձեզ կառաջարկվի դիմում գրել որևէ լիազոր մարմնի: Այդպիսի դեպքերում ձեզ կներկայացվի թե՛ դիմումի օրինակելի ձևը և թե՛ կոնկրետ հասցեն՝ որտեղ է այն պետք ուղարկել:

Ամեն դեպքում արժե հիշել, որ ցանկացած դիմում պետք է պարունակի ՝

  • Հասցեատիրոջ անունը, ազգանունը և պաշտոնը,
  • Դիմողի անունը, ազգանունը, հասցեն ու կոնտակտային այլ տվյալներ,
  • Հստակ ձևակերպված պահանջը կամ խնդրանքը,
  • Դիմումին կցված փաստաթղթերի ցանկը,
  • Դիմողի ստորագրությունն ու ստորագրման ամսաթիվը:

Այս պահանջներին բավարարող դիմումը պարտադիր պետք է ընթացք ստանա, և լիազոր մարմինը պարտավոր է պատասխանել դրան։

Դիմումը գրելուց անհրաժեշտ է հստակ պարզել, թե ում է այն անհրաժեշտ հասցեագրել, ինչպես է պետք ձևակերպել պահանջը և ինչ փաստաթղթեր է պետք կցել:

Հաճախ դիմումին անհրաժեշտ է կցել անձնագրի պատճենը, պահանջի հիմքում ընկած հանգամանքները հիմնավորող փաստաթղթերի պատճենները, իսկ երբ բողոքարկվում է որևէ որոշում՝ պետք է կցել նաև այդ որոշման պատճենը:

Ցանկալի է դիմում-պահանջը ձևակերպել հստակ: Օրինակ՝ «խնդրում եմ կայացնել այսինչ որոշումը», «տրամադրել այսինչ տեղեկատվությունը», «վերացնել այսինչ որոշումը», «տրամադրել այսինչ տեղեկանքը» կամ «միջոցներ ձեռնարկել այսինչ ուղղությամբ»:

Դիմումը կարելի է ուղարկել փոստային առաքման միջոցով կամ հանձնել առձեռն:

Փոստային առաքման միջոցով դիմում ուղարկելու համար անհրաժեշտ է այցելել «Հայփոստի» փոստային բաժանմունք և պատվիրված նամակով ուղարկել այն համապատասխան մարմին: Այս ծառայության արժեքը սկսվում է 120 դրամից, և նամակը սովորաբար հասնում է 2 աշխատանքային օրում: Փոստային բաժանմունքում ձեզ կտրվի կտրոն, որը կհավաստի, որ դուք այդ օրը այդ մարմնին նամակ եք հղել:

Իսկ առձեռն նամակը կարելի է հանձնել կա՛մ հասցեատեր պաշտոնատար անձին, կա՛մ համապատասխան մարմնի քարտուղարություն, կա՛մ ընդունարան: Դիմումը հանձնած լինելու մասին ապացույց ունենալու համար ընդունված է, որ այն ստացողը դիմումի պատճենի վրա ստորագրի՝ նշելով ստացման ամսաթիվը:

Անկախ դիմումի բովանդակությունից և հիմնավորվածությունից, դրա հասցեատերը չի կարող հրաժարվել այն ստանալուց:

Եթե դիմումով պահանջվում է տեղեկատվություն տրամադրել, ապա ստացող մարմինը պարտավոր է դրան պատասխանել դիմումը ստանալուց 5 աշխատանքային օրվա ընթացքում: Այլ պահանջների դեպքում ժամկետները տարբեր են, բայց սովորաբար քաղաքացուն պետք է պատասխան տրվի ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում: