Դիմել եմ փողոցի վրա կրպակ տեղադրելու և վաճառքով զբաղվելու թույլտվության համար, սակայն արդեն երկու ամիս է պատասխան չեմ ստացել․ ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Տեղական ինքնակառավարման մարմիններ

Դիմել եմ փողոցի վրա կրպակ տեղադրելու և վաճառքով զբաղվելու թույլտվության համար, սակայն արդեն երկու ամիս է պատասխան չեմ ստացել․ ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

ՀՀ օրենսդրությամբ վարչական վարույթների իրականացման համար սահմանված է 30-օրյա ժամկետ, որի ընթացքում վարչական մարմինը, այսինքն՝ վարչական շրջանի ղեկավարը, պարտավոր է Ձեր դիմումի հետ կապված կայացնել որոշում՝ այն բավարարելու կամ մերժելու մասին։ Երեսունօրյա ժամկետի հաշվարկը կատարվում է Ձեր դիմումը ստացվելու պահից։ Ձեր կողմից դիմումի ներկայացումը արդեն իսկ փաստում է, որ վարչական շրջանում օրենքի ուժով հարուցվել է վարչական վարույթ՝ քննարկելու համար Ձեր դիմումի ընթացքը։ Եթե երկու ամիս շարունակ չեք ստացել որևէ պատասխան Ձեր դիմումի վերաբերյալ, որով խնդրել էիք վարչական շրջանի տարածքում գտնվող փողոցներից մեկում կրպակ տեղադրելու և վաճառքով զբաղվելու թույլտվություն ստանալ, ապա դա նշանակում է, որ վարչական շրջանի աշխատակազմը ցուցաբերել է անգործություն Ձեր դիմումի կապակցությամբ։

ՀՀ օրենսդրությամբ սահմանված է նաև որոշակի իրավական հետևանքների առաջացում այն դեպքում, երբ վարչական մարմինը ցուցաբերում է անգործություն և քաղաքացու դիմումի կապակցությամբ չի կայացնում որևէ որոշում։ Նման իրավիճակում քաղաքացին կարող է ձեռնամուխ լինել իր դիմումով նշված գործունեության իրականացմանը (կրպակը տեղադրել և զբաղվել վաճառքով), քանի որ համարվում է, որ վարչական շրջանի ղեկավարի կողմից 30-օրյա ժամկետում քաղաքացու դիմումի վերաբերյալ որոշում չկայացնելը հանդիսանում է դրա բավարարում և թույլտվության տրամադրում։ Իսկ եթե վարչական շրջանի աշխատակիցները որոշակի խնդիրներ առաջացնեն Ձեր կողմից տեղադրված կրպակի հետ կապված, ապա Դուք նրանց պետք է ներկայացնեք Ձեր դիմումի պատճենը՝ ուղղված վարչական շրջանի ղեկավարին, ինչպես նաև՝ այն մուտքագրելու ամսաթվի վերաբերյալ ապացույց` ստացման վերաբերյալ հետադարձ ծանուցագիր, ինչպես նաև՝ որպես իրավական հիմնավորում պետք է վկայակոչեք «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասը։ Նշված օրենքի ամբողջական բովանդակությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Իսկ եթե ցանկանում եք մանրամասներ ճշտել Ձեր դիմումի ընթացքի վերաբերյալ, ապա անհրաժեշտ է կապ հաստատել համապատասխան վարչական շրջանի թեժ գիծ՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել Ձեր դիմումի վերաբերյալ։ Եթե հստակ որևէ պատասխան չստանաք կամ ստացած պատասխանը չբավարարի, ապա կարող եք նոր դիմում ներկայացնել վարչական շրջանի ղեկավարին՝ խնդրելով պարզաբանումներ ներկայացնել Ձեր նախկին դիմումի ընթացքի վերաբերյալ և թե ինչու մինչ այժմ պատասխան չի տրվել դրան։

Երևան քաղաքի սահմաններում գտնվող վարչական շրջանների թեժ գծի հեռախոսահամարները կարող եք գտնել այստեղ։

Կարող եք խնդրի մասին ահազանգել նաև Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 1-05 հեռախոսահամարով։ Ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ նաև այստեղ։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո9
Ոչ2