Տանը բնակվում ենք երկու հոգով, բայց առաջվա պես վեց հոգու համար ենք աղբի փող մուծում․ ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Տեղական ինքնակառավարման մարմիններ

Տանը բնակվում ենք երկու հոգով, բայց առաջվա պես վեց հոգու համար ենք աղբի փող մուծում․ ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Աղբահանությունը ծառայություն է, որը մատուցում է աղբահանության այն կազմակերպու­թյունը, որը համայնքի հետ կնքված պայմանագրով ստանձնել է աղբահանության իրականացումն ամբողջ համայնքում։ Աղբահանությունը իրականացնում է մասնավոր կազմակերպությունը, սակայն դրա համար գումարների գանձումը դրված է համայնքի և վարչական շրջանների ղեկավարների վրա, այդ պատճառով էլ իրենք են հաշվարկում և քաղաքացիներից պահանջում աղբահանության գումարների վճարում։

Աղբահանության գումարները բնակելի շենքի բնակարանների համար հաշվարկվում են ըստ բնակարանի տարածության մեծության (ըստ քառակուսի մետրի), և այդ չափը սահմանվում է այն համատիրության կողմից, որն իրականացնում է շենքի սպասարկումը։ Շենքերի դեպքում վարչական շրջաններն ու համայնք­ները հիմնականում աղբահանության գումարները գանձելու իրենց լիազորությունը հանձնարարում են համատիրություններին, որոնք էլ քաղաքացիներից ամեն ամիս պահանջում և գանձում են դրանք՝ ըստ բնակարանների քառակուսի մետրերի։

Սեփական տների դեպքում աղբահանության գումարի չափը որոշվում է այն անձանց քանակով, որոնք փաստացի բնակվում են տվյալ բնակելի տանը։ Հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ։ Նախ համայնքը կամ վարչական շրջանը պարզում է, թե որ ժամանակահատվածում քանի անձ է բնակվում կոնկրետ հասցեում, որի հիմքով էլ կատարվում է բնակվող անձերի քանակով աղբահանության գումարի հաշվարկը։ Այս դեպքում հաճախ են լինում դեպքեր, որ, օրինակ, բնակվող անձանց քանակը պակասում է (որոշ բնակիչներ տեղափոխվում են այլ հասցե բնակվելու), որի մասին տեղեկացված չի լինում համայնքը կամ վարչական շրջանը, և այդ պատճառով էլ հաշվարկը կատարում են իրենց մոտ առկա տեղեկատվության հիման վրա։

Նմանատիպ իրավիճակներում անհրաժեշտ է համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին ներկայացնել դիմում՝ հայտնելով, թե որ ժամանակահատվածում քանի անձ է բնակվել Ձեր հասցեում՝ Ձեր դիմումին կից ներկայացնելով նաև հարևանների հայտարարությունները, որով նրանք ևս կհաստատեն դա։ Դիմումն ու հայտարարության Ձևը կարող եք ներբեռնել այստեղից։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո37
Ոչ3

Մեկնաբանություններ (3)

  1. Արտակ
    Մայիսի 2, 2019

    Բարև Ձեզ: Բնակվում եմ բազմաբնակարան շենքում և աղբի համար վճարում եմ անձաքանակով, ոչ թե քառակուսի մետրով: Գուցե ինչ որ բան սխա՞լ է:

  2. 1234
    Հուլիսի 1, 2019

    Բարև ձեզ, իսկ քանի՞ տարեկանից են հաշվում։

  3. Անանուն
    Հուլիսի 7, 2019

    Քանի՞ տարեկանից է հաշվարկվում անձի համար աղբահանության գումար։