Իմ բացակայության ժամանակ հարևանս պատ է կառուցել՝ փակելով տանս մուտքը․ ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Տեղական ինքնակառավարման մարմիններ

Իմ բացակայության ժամանակ հարևանս պատ է կառուցել՝ փակելով տանս մուտքը․ ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Շինարարություն իրականացնելու, այդ թվում՝ քարե պատ կառուցելու համար անհրաժեշտ է համայնքի ղեկավարից ստանալ շինարարական թույլտվություն, և առանց այդ թույլտվության կառուցված ցանկացած կառույց կամ շինություն համարվում է ապօրինի՝ ինքնակամ կառույց։ Առանց շինարարական թույլ­տվության ինքնակամ կառույց իրականացնելու համար նախատեսված է վարչական պատասխա­նատ­վություն 200․000 դրամի չափով՝ առավել ևս այն դեպքում, երբ պատի կառուցումը խախտում է շինարարական մի շարք նորմեր, որոնց հետևանքով փակվել է բակային մուտքը դեպի Ձեր տուն։

Պարզելով, որ Ձեր հարևանը առանց շինարարական թույլտվության կառուցել է պատ, որով փակվել է ներթաղային՝ բակային մուտքը դեպի Ձեր տուն, Դուք այդ մասին անհապաղ կարող եք ահազանգել համայնքի ղեկավարին՝ հայտնելով կատարվածի մասին։ Միաժամանակ անհրաժեշտ է, որ դիմում-բողոք ներկայացնեք համայնքի ղեկավարին՝ խնդրելով հարուցել վարչական վարույթ, վարչական պատասխանատվության ենթարկել հարևանին և պարտավորեցնել նրան քանդել ապօրինի կառուցված պատը։ Այս առումով պետք է նկատի ունենալ, որ համայնքի ղեկավարը իրավունք ունի հարուցել վարչական վարույթ և հարևանին ենթարկել վարչական պատասխանատվության, եթե պատը կառուցելուց հետո չի անցել երկու ամիս։

Ձեր կողմից ներկայացված ահազանգի և դիմումի հիման վրա համայնքի աշխատակիցները պարտավոր են հասցե այցելել, արձանագրել պատի՝ առանց շինարարական թույլտվության կառուցված լինելը, այն կառուցած անձին, որից հետո վարչական վարույթ կհարուցվի, և Դուք կստանաք համա­պատասխան ծանուցագիր՝ վարչական լսումներին մասնակցելու և Ձեր դիրքորոշումները ներկայացնելու համար։ Վարչական լսումներից հետո կկայացվի որոշում՝ Ձեր հարևանին տուգանելու և կառուցած պատը քանդելուն պարտավորեցնելու վերաբերյալ։

Եթե համայնքի ղեկավարի կողմից կայացված որոշումը չբավարարի Ձեզ, ապա Դուք իրավունք ունեք դիմելու դատարան ընդդեմ Ձեր հարևանի՝ պատը քանդելուն և նախկին դրությունը վերականգնելուն պարտավորեցնելու մասին։

Երևան քաղաքի սահմաններում գտնվող վարչական շրջանների թեժ գծերի հեռախոսահամարները կարող եք գտնել այստեղ։

Կարող եք նաև Ձեր խնդիրների մասին զանգահարել և տեղեկացնել ՀՀ տարածքային կառավարման նախարարություն հետևյալ հեռախոսահամարով՝ (010)-51-13-62, կամ այցելել հետևյալ հղումով, ինչպես նաև Քաղաքաշինության նախարարություն՝ (011) 62-17-69 և (011) 62-17-37 հեռախոսահամարներով, ՀՀ քաղաքաշինության պետական տեսչություն՝ (012) 31-77-71 հեռախոսահամարով։

Դիմում-բողոքի Ձևը կարող եք ներբեռնել այստեղից, լրացնել այն և հասցեագրել համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո10
Ոչ3