Շենքի տանիքի երկաթյա ծածկը ձյան պատճառով ընկել է մեքենայիս վրա․ ո՞ւմ դիմեմ և ինչպե՞ս

Տեղական ինքնակառավարման մարմիններ

Շենքի տանիքի երկաթյա ծածկը ձյան պատճառով ընկել է մեքենայիս վրա․ ո՞ւմ դիմեմ և ինչպե՞ս

Շենքի ընդհանուր սպասարկման տարածքները, այդ թվում՝ շենքի տանիքը, ընդհանուր բաժային սեփականության իրավունքով պատկանում են շենքի բնակարանների սեփականատերերին հավասարա­պես, իսկ դրանց պահպանումը, ժամանակին վերանորոգումը, սարքին վիճակում պահելը և կուտակված ձնից մաքրելը դրված է համատիրությունների վրա, որոնք էլ ստեղծվում են շենքի բնակիչների կողմից։ Եթե շենքի տանիքից երկաթյա ծածկը պոկվել և ընկել է մեքենայի վրա, ապա նախ և առաջ պետք է որևէ ձև արձանագրել կատարվածը՝ հետագայում դա որպես ապացույց օգտագործելու նպատակով։ Այդ նպատակով կարող եք նախ լուսանկարել և տեսանկարահանել մեքենան վնասված վիճակում, այն դետալներն ու տանիքի թիթեղյա հատվածները, որոնք ընկել են մեքենայի վրա, ինչպես նաև՝ շենի տանիքի այն հատվածը, որտեղից պոկվել և ընկել են տանիքի թիթեղյա հատվածները։ Միաժամանակ անհրաժեշտ է  ահազանգել Արտակարգ իրավիճակների նախարարության թեժ գիծ 911 հեռախոսահամարով և հայտնել կատարվածի մասին՝ խնդրելով ներկայանալ շենքի տարածք և ստուգել տանիքի այլ հատվածների ամրությունը  կամ դրանց անվտանգությունը։ Դա անհրաժեշտ է անել, որպեսզի որևէ կերպ արձանագրվի տեղի ունեցածը և կանխվի տանիքի այլ հատվածների ընկնելը քաղաքացիների կամ այլ մեքենաների վրա։ Այնուհետև անհրաժեշտ է պարզել, թե որ համատիրությունն է սպասարկում այդ շենքը, որից հետո այդ համատիրությանն անհրաժեշտ է ներկայացնել դիմում-պահանջ՝ վերականգնելու Ձեր վնասները։ Վնասների չափը պարզելու համար պետք է դիմել փորձագիտական կազմակերպություններին՝ խնդրելով իրականացնել փորձաքննություն և պարզել պատճառված վնասի չափը։ Փորձագիտական կազմակերպությունների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Բացի համատիրությանը դիմելուց՝ անհրաժեշտ է նաև, որ այդ մասին դիմումով հայտնեք համայնքի ղեկավարին՝ խնդրելով հատուցել Ձեզ պատճառված վնասները։ Մինչև Ձեր դիմումների վերաբերյալ համապատասխան որոշումների կայացումը և փորձաքննության իրականացումը՝ անհրաժեշտ է չվերանորոգել մեքենան, որպեսզի հետագայում չառաջանա վեճ՝ վնասի չափի մասին, և շահագրգիռ անձինք կարողանան իրականացնել փորձաքննություն­ներ՝ վնասի չափի պարզման նպատակով։

Եթե համատիրությանը և համայնքի ղեկավարին դիմելու միջոցով Ձեր վնասների հատուցման հարցը չլուծվի, ապա պետք է դիմել դատարան ընդդեմ համատիրության՝ գործին մասնակից դարձնելով նաև համայնքին։ Դատարան դիմելուց առաջ անհրաժեշտ կլինի դիմում գրել Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ խնդրելով տրամադրել Ձեր կանչի արդյունքում արձանագրված դեպքի վերաբերյալ մանրամասներ և կանչի թերթիկի պատճենը։ Բացի այդ, անհրաժեշտ կլինի նաև դիմել համայնքի ղեկավարին՝ խնդրելով հայտնել, թե այդ շենքը որ համատիրությունն է սպասարկում։ Դատարանում պարտավոր եք լինելու հիմնավորել և ապացուցել, որ

  • մեքենան սեփականության իրավունքով Ձեզ է պատկանում,
  • մեքենան վնասվել է կոնկրետ շենքի տանիքից թիթեղյա դետալի պոկվելու և ընկնելու արդյունքում,
  • տվյալ շենքը սպասարկում է այն համատիրությունը, որի դեմ դիմել եք դատարան
  • ինչ վնաս է պատճառվել Ձեր մեքենային,
  • Համատիրության կողմից դրսևորվել է անգործություն (տանիքը ժամանակին չի վերանորոգվել կամ ձնամաքրման աշխատանքներ ժամանակին չեն կատարվել),
  • Համատիրության անգործության և Ձեզ մեքենային պատճառված վնասների միջև առկա է պատճառահետևանքային կապ։

Համատիրությունը դատարանում պարտավոր է լինելու ապացուցել իր մեղքի բացակայությունը։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո2
Ոչ0