Երևանում մեքենան կայանելուց հետո մոտեցել է մի անձ և գումար է պահանջում կայանման համար․ ի՞նչ անել և ու՞մ դիմել

Տեղական ինքնակառավարման մարմիններ

Երևանում մեքենան կայանելուց հետո մոտեցել է մի անձ և գումար է պահանջում կայանման համար․ ի՞նչ անել և ու՞մ դիմել

Հարկ է նախ արձանագրել, որ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված է, որ ընդհանրապես՝ տրանսպորտային միջոցը տեղակայել և կայանել թույլատրվում է երթևեկելի մասի եզրին զուգահեռ մեկ շարքով, այնտեղ, որտեղ առկա է համապատասխան ճանապարհային նշան՝ կայանում կատարելու վերաբերյալ: Այն ավտոկայանատեղին, որի համար նախատեսվում է վճարի գանձում, պետք է առանձնացված լինի ցուցանակներով և կարմիր գույնի գետնանշումով, իսկ վճարի չափն էլ սահմանվում է համայնքի ավագանու որոշմամբ։

Այսինքն, այն ավտոկայանատեղիներում, որտեղ առկա չեն կարմիր գույնի գետնանշումներ, դրանք վճարովի չեն և դրանց համար քաղաքացիները չպետք է կատարեն որևէ վճարումներ։ Իհարկե, բացառություն են կազմում այն դեպքերը, երբ համայնքի ավագանու որոշմամբ համայնքին պատկանող այս կամ այն փողոցի հատվածները կամ այլ ավտոկայանատեղիները վարձակալությամբ հանձնված են մասնավոր կազմակեր­պությունների օգտագործմանը՝ իրենց կազմակերպության գործունեության պատշաճ կազմակերպման համար։

Հարկ է ընդգծել, որ կարմի գույնի գետնանշումով առանձնացված ավտոկայանատեղիներում ավտոմեքենան կայանելու համար վճարներ գանձելու նպատակով դրանք չեն հսկվում որևէ աշխատակցի կողմից, դրանց համար վճարները չեն գանձվում կանխիկ։ Կայանատեղիի համար վճարումների չափերն ու ձևերը հստակ նշված են համապատասխան ցուցանակների վրա (կատարվում են բանկում կամ sms կարճ հաղորդագրություն ուղարկելու միջոցով)։ Եթե կարմի գույնի գետնանշումով ավտոկայանատեղիում ավտոմեքենա կայանելու ժամանակ ինչ-որ անձ է մոտեցել և գումար է պահանջում, կարող եք մերժել նրա պահանջը՝ հայտնելով, որ դրա համար վճարման կարգը sms կարճ հաղորդագրություն ուղարկելու միջոցով է կատարվում կամ բանկում։ Միաժամանակ՝ պահանջեք ներկայանալ և հայտնել, թե որ կազմակերպության աշխատակիցն է հանդիսանում։

Իսկ եթե այն վայրը, որտեղ կայանել եք Ձեր ավտոմեքենան, կարմի գույնի գետնանշումներով նշված չէ, և ինչ-որ անձ Ձեզանից գումար է պահանջում կայանման համար, ապա նախ նրանից պահանջեք Ձեզ տրամադրել տեղեկատվություն ավտոկայանատեղիի համար վճար գանձող կազմակերպության և վճարի չափի մասին, պահանջեք նրանից հայտնել իր անուն-ազգանունը և այն կազմակերպությունը, որտեղ նա աշխատում է։ Այդ տեղեկությունները հայտնելուց հետո կարող եք դրանց իսկությունը ստուգել՝ զանգահարելով Երևանի քաղաքապետարանի կամ մարզպետարանների թեժ գիծ՝ խնդրելով հայտնել, թե կոնկրետ փողոցի այդ հատվածում գտնվող ավտոկայանատեղին տրամադրվե՞լ է արդյոք որևէ մասնավոր կազմակերպության, թե՞ ոչ։ Հարկ է նշել, որ եթե անգամ վճարում կկատարեք կայանելու համար ինչ-որ անձի, ապա նրանից պահանջեք Ձեզ տրամադրել վճարման անդորրագիր, որի վրա պետք են արտացոլված լինի վճար գանձող կազմակերպության տվյալները։

Իսկ եթե վճար պահանջող անձը հրաժարվում է ներկայանալ և պատասխանել հարցերին, ապա այդ դեպքում ևս կարող եք ահազանգել Երևանի քաղաքապետարանի կամ մարզպետարանների թեժ գիծ՝ հայտնելով խնդրի մասին, իսկ եթե տվյալ անձը վեճի է վերածում իր պահանջները կամ սպառնում է, որ կվնասի Ձեր ավտոմեքենան, ապա այդ դեպքում պետք է ահազանգել ոստիկանություն՝ 1-02 հեռախո­սա­համարով։

Երևանի քաղաքապետարանի թեժ գծի հեռախոսահամարն է 1-05, իսկ Երևան քաղաքի սահման­ներում գտնվող վարչական շրջանների թեժ գծի հեռախոսահամարները կարող եք գտնել այստեղ։

Հայաստանի Հանրապետության մազերի մարզպետարանների հեռախոսահամարները կարող եք գտնել այստեղ։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո7
Ոչ1