Միջմարզային ճանապարհին թույլատրելի արագությամբ երթևեկելիս մեքենաս վնասվել է՝ ընկնելով փոսը․ ի՞նչ անել և ո՞ւմ դիմել փոխհատուցման համար

Տեղական ինքնակառավարման մարմիններ

Միջմարզային ճանապարհին թույլատրելի արագությամբ երթևեկելիս մեքենաս վնասվել է՝ ընկնելով փոսը․ ի՞նչ անել և ո՞ւմ դիմել փոխհատուցման համար

Առաջնահերթ անհրաժեշտ է ահազանգել Ճանապարհային ոստիկանություն՝ 1-77 հեռախոսահա­մարով, և հայտնել տեղի ունեցած վթարի մասին մանրամասներ։ Ճանապարհային ոստիկանության տեսուչները կգան դեպքի վայր, կկազմեն վթարի առաջացման սխեման, կարձանագրեն, որ վնաս է պատճառվել Ձեր ավտոմեքենային։ Անհրաժեշտ է նաև տեղի ունեցածի մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան վթարի պահից 40 րոպեի ընթացքում զանգահարել այն ապահովագրական ընկերու­թյուն, որտեղ ապահովագրել եք Ձեր տրանսպորտային միջոցը։ Այնուհետև պետք է լուսանկարահանել և տեսանկա­րահանել ճանապարհի այդ հատվածում առկա փոսը, մեքենայի վնասված հատվածները, որոնք հետա­գայում անհրաժեշտ է դիմումին կից ներկայացնել ապահովագրական ընկերություն՝ խնդրելով իրականացնել Ձեր մեքենային պատճառված վնասի չափի փորձաքննություն և պարզել Ձեր մեքենային պատճառված վնասի չափը։ Իսկ եթե ապահովագրական ընկերությունը մերժում է իրականացնել փորձաքննությունը՝ պատճառաբանելով, որ տեղի ունեցածը ճանապարհատրանսպորտային պատահար չէ, ապա Դուք կարող եք փորձաքննություն պատվիրել այլ մասնավոր փորձագիտական կազմակերպու­թյուններում։

Միաժամանակ, անհրաժեշտ է պարզել, թե ում վրա է դրված ճանապարհի այդ հատվածի պահպանումը։ Այդ նպատակով անհրաժեշտ է դիմել համապատասխան մարզի ղեկավարին՝ մարզպետին, խնդրելով հայտնել, թե ում վրա է դրված ճանապարհի այդ հատվածի պահպանումը և վերանորոգման պարտականությունների կատարումը։ Եթե ճանապարհի պահպանումը դրված է մարզպետարանի վրա, ապա հենց մարզպետարան էլ պետք է դիմում ներկայացնեք՝ վնասների փոխհատուցման պահանջի մասին՝ դիմումին կից ներկայացնելով այն բոլոր լուսանկարներն ու նյութերը, որոնք վերաբերում են տեղի ունեցած պատահարին։

Վնասների փոխհատուցում չտրամադրելու դեպքում Դուք իրավունք ունեք դիմել դատարան ընդդեմ այն մարզպետարանի կամ կազմակերպության, որի վրա դրված է եղել ճանապարհի պահպանումը և ժամանակին վերանորոգումը։

Հայաստանի Հանրապետության մազերի մարզպետարանների հեռախոսահամարները կարող եք գտնել այստեղ։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո15
Ոչ0