Ապահովագրական ընկերությունն առանց իմ համաձայնության police.am-ից ներբեռնել է իմ խախտումների տեսագրությունները․ արդյո՞ք խախտվել է իմ իրավունքը

Անձնական տվյալների պաշտպանություն

Ապահովագրական ընկերությունն առանց իմ համաձայնության police.am-ից ներբեռնել է իմ խախտումների տեսագրությունները․ արդյո՞ք խախտվել է իմ իրավունքը

Յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք: Անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության` այլ իրավաչափ հիմքի առկայությամբ: Ապա­հո­վա­գրական ընկերության հետ պայմանագիր կնքելիս Դուք նրանց հայտնել եք Ձեր մեքենայի պետ­հա­մա­­րանիշները և տեխնիկական անձնագրի սերիան, որպեսզի նա կարողանա կնքի ձեզ հետ ապա­հովագրական պայմանագիր։ Այսինքն, անձնական տվյալները Դուք ապահովագրական ընկերությանը տրամադրել եք հատուկ նպատակի համար՝ միայն Ձեզ հետ ապահովագրական պայմանագիր կնքելու համար, այլ ոչ թե որևէ այլ նպատակների համար։ Եվ ապահովագրական ընկերության կողմից առանց Ձեր թույլտվության Ձեր կողմից տրամադրված անձնական տվյալներն այլ նպատակով օգտագործելը, նոր անձնական տվյալներ հավաքելը, մշակելը և տարածելը համարվում է ապօրինի և խախտում է Ձեր իրավունքները։

Ըստ այդմ, Դուք, նախ և առաջ, կարող եք դատարանում ներկայացնել առարկություններ, որպեսզի այդ տեսանյութերը որպես ապացույց չօգտագործվեն դատարանում, քանի որ դրանք ձեռք են բերվել օրենքի պահանջների խախտմամբ։ Կարող եք նաև ապօրինի անձնական տվյալների հավաքագրման վերաբերյալ դիմում-բողոք ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարության «Անձնական տվյալների պաշտպա­նու­թյան գործակալություն»՝ խնդրելով հարուցել վարչական վարույթ ապահովագրական ընկերության դեմ և նրան ենթարկել վարչական պատասխանատվության։ Ավելին, կարող եք համապատասխան հաղորդում ներկայացնել ոստիկանություն՝ պահանջելով հարուցել քրեական գործ, քանի որ ապօրինի՝ առանց օրենքով սահմանված կարգի և հիմքերի, անձնական տվյալների հավաքագրումը, մշակումը և օգտագործումը համարվում է հանցավոր արարք։

Հարկ է նկատել, որ Ձեր վերաբերյալ առանց համաձայնության նման կերպ անձնական կամ ընտանեկան կյանքին վերաբերվող տվյալները հավաքագրելը հանդիսանում է խախտում, որի համար սահմանված պատասխանատվության չափը կազմում է 200․000-500․000 ՀՀ դրամ, ինչպես նաև՝ քրեական պատասխանատվություն՝ մեկից երկու ամիս կալանք։ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը և ՀՀ ոստիկանությունը պարտավոր են Ձեր դիմում-բողոքի հիման վրա հարուցել վարչական վարույթ, քննել բոլոր հանգամանքները, լսել նաև ապահովագրական ընկերությանը, որից հետո իրավախախտման կամ հանցակազմի հատկանիշներ պարզելու պարագայում՝ համապատասխան անձանց ենթարկել պատասխանատվության։

Մինչ համապատասխան դիմում-բողոքներ ուղարկելն անհրաժեշտ է պարզել, թե արդյո՞ք ապահովագրական պայմանագրում նշված են անձնական տվյալների օգտագործման վերաբերյալ որևէ պայմաններ կամ կարգավորումներ, և եթե այո, ապա ինչպիսի։

Հաղորդում ներկայացնելու կարգի և պայմանների վերաբերյալ մեր հրապարակմանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն դիմում-բողոք ներկայացնելու ձևը կարող եք ներբեռնել այստեղ:

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո23
Ոչ0