Ցանկանում եմ հանցագործության կատարման մասին հաղորդում ներկայացնել․ ո՞ւմ դիմեմ և ինչպե՞ս

Քննչական մարմիններ

Ցանկանում եմ հանցագործության կատարման մասին հաղորդում ներկայացնել․ ո՞ւմ դիմեմ և ինչպե՞ս

Հանցագործությունների մասին ֆիզիկական անձանց հաղորդումները կարող են լինել գրավոր կամ բանա­վոր: Բանավոր կարգով հանցագործության մասին հաղորդում տալու համար անհրաժեշտ է ահազանգել ոստի­կանության հետևյալ հեռախոսահամարով՝ 1-02, կամ անձամբ ներկայանալ ոստիկանության տարած­քային բաժանմունք և հերթապահող հետաքննիչին բանավոր ներկայացնել կատարված կամ նախապատ­րաստվող հանցագործության մասին տվյալները։ Զանգի դեպքում Ձեր հայտնած տեղեկությունների հիման վրա ոստիկա­նությունում գրանցվում է ահազանգ դեպքի մասին, որից հետո հերթապահող ոստիկանության աշխա­տակիցները անհապաղ կներկայանան դեպքի վայր՝ տեղում պարզելու մանրամասները, որից հետո Ձեզ կհրա­վիրեն բաժին՝ Ձեզանից հաղորդում ընդունելու նպատակով։ Թե՛ զանգով և թե՛ անձամբ ոստիկանության բաժան­մունք ներկայացվող բանավոր հաղորդումների դեպքում հերթապահող հետաքննիչը կլրացնի և կկազմի հան­ցագործության վերաբերյալ հաղորդման թերթիկ, որտեղ Դուք պետք է հակիրճ նկարագրեք կատարված հան­ցագործությունը, որից հետո Ձեզ կտրամադրեն հաղորդում ներկայացված լինելը հավաստող արձա­նագրության օրինակ։

Հանցագործության մասին հաղորդում հնարավոր է ներկայացնել նաև գրավոր կերպով։ Անհրաժեշտ է նախապես ձեռագիր կամ տպագիր տարբերակով մանրամասն նկարագրել կատարված կամ նախապատրաստվող հանցագոր­ծությունը, նշել այն կատարած անձանց վերաբերյալ Ձեզ հայտնի մանրամասներ և տվյալներ, իսկ այդպիսիք առկա չլինելու դեպքում՝ նկարագրել հանցագործություն կատարած անձին, հանցագործության կատարման հանգա­մանքները, մանրամասներ, թե ինչպես և որտեղ եք ականատես եղել հանցագործության կատարմանը։ Գրավոր հաղորդման մեջ պետք է նշեք Ձեր անուն-ազգանունը, անձնագրային տվյալները, հասցեն և հեռախոսահամար, և այն ստորագրելուց հետո ուղարկել ոստիկանության այն տարածքային բաժին, որի տարածքում կատարվել է հանցագործությունը (օրինակ՝ եթե գողությունը կատարվել Արաբկիր վարչական շրջանի տարածքում, ապա հաղորդումը պետք է ներկայացվի ոստիկանության Արաբկիրի բաժին)։ Սակայն Դուք կարող եք հաղորդումը ներկայացնել նաև Ձեր հասցեն սպասարկող տարածքային ոստիկանության բաժին՝ նկատի ունենալով, որ այն հնարավոր է փոխանցվի այլ տարածքային բաժին։ Հանցագործության մասին հաղորդումները կարող եք ներկայացնել նաև տարածքային դատախազություն։ Սակայն խորհուրդ է տրվում գրավոր հաղորդումը ուղարկել ոստիկանության բաժին, իսկ պատճենը՝ տարածքային դատախազություն՝ ի գիտություն։ Հանցագործության մասին գրավոր հաղորդման օրինակը կարող եք ներբեռնել այստեղ։

Ձեր կողմից գրավոր կամ բանավոր հաղորդում ներկայացվելուց հետո այն պետք է քննարկվի և դրա մասին որոշում կայացվի անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում: Նշված ժամկետում հետաքննիչին կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, բացատրություններ, այլ նյութեր, ինչպես նաև կարող է կատարվել դեպքի վայրի զննություն, հանցագործություն կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում կարող են բերման և անձնական խուզարկության ենթարկվել անձինք, հետազոտման համար վերցվել նմուշներ, նշանակվել փորձաքննություն։ Ձեր կողմից ներկայացված հաղորդման քննարկման արդյունքում պետք է ընդունվի հետևյալ որոշումներից մեկը`

1) քրեական գործ հարուցելու մասին.

2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին.

3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին:

Քրեական գործ հարուցվելու դեպքում այդ մասին կայացված որոշման պատճենը կուղարկվի նաև Ձեզ: Հանցագործության մասին հաղորդում տալուց առաջ հարկ է հիշել, որ սուտ մատնության համար նախատեսված է քրեական պատասխանատվություն, որի մասին հաղորդում տալուց առաջ Ձեզ նախա­զգուշացնելու է նաև հետաքննիչը։ Հարկ է նշել նաև, որ ոստիկանության աշխատակիցները կամ հետաքննիչները իրավունք չունեն հրաժարվել հանցագործության մասին հաղորդում ընդունելուց, անգամ եթե ըստ նրանց՝ հարցը կրում է քաղաքացիաիրավական բնույթ։ Յուրաքանչյուր դեպքում իրավապահ մարմինները պարտավոր են սահմանված 10-օրյա ժամկետում պարզել Ձեր հայտնած հանգամանքների մանրամասները և գրավոր տրամադրեն դրա արդյունքում կայացված որոշումը։

Ոստիկանության տարածքային բաժինների հասցեներին և հեռախոսահամարներին կարող եք ծանոթանալ այստեղ։         

Իսկ դատախազության տարածքային ստորաբաժանումների հասցեներին և հեռախոսահամարներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո11
Ոչ2