Ոստիկան ներկայացած անձը պահանջում է, որ գնամ և ընթերակա դառնամ։ Ի՞նչ անել և ո՞ւմ դիմել

Քննչական մարմիններ

Ոստիկան ներկայացած անձը պահանջում է, որ գնամ և ընթերակա դառնամ։ Ի՞նչ անել և ո՞ւմ դիմել

Ընթերական քրեական գործով չշահագրգռված՝ Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացին է, որ վարույթն իրականացնող մարմնի հրավերով մասնակցում է քննչական գործողության կատարմանը՝ դրա կատարման փաստը, բովանդակությունը, ընթացքը և արդյունքները հաստատելու համար: Այլ կերպ ասած՝ ընթերական, որպես ականատես, մասնակցում է քննչական գործողությանը (օրինակ՝ դեպքի վայրի զննու­թյանը) և իր ստորագրությամբ հաստատում է, որ քննիչն իր ներկայությամբ կատարեց քննչական գործողությունը (օրինակ՝ զննեց դեպքի վայրը) և արձանագրությունը լրացրեց ճիշտ այնպես, ինչպես փաստացի կատարեց իր գործողությունները։

Եթե Ձեզ է մոտեցել մի անձ, որը ներկայացել է որպես ոստիկան և պահանջել է որպես ընթերակա հանդես գալ ինչ-որ քննչական գործողության, ապա հարկ է նշել, որ ընթերակա հանդես գալը պարտականություն չէ ՀՀ քաղաքացիների համար, և առանց ձեր համաձայնության, ոչ ոք իրավունք չունի ձեզ պարտադրել որպես ընթերակա մասնակցել քննչական գործողության։ Ավելին, հարկ է ընդգծել, որ անձին որպես ընթերակա կարող է հրավիրել բացառապես վարույթն իրականացնող մարմինը՝ հետաքննիչը կամ քննիչը, իսկ ոստիկանն իրավունք չունի անձին որպես ընթերակա հրավիրել, այն էլ՝ պարտադրել։

Դուք իրավունք ունեք ոստիկան ներկայացած անձին հայտնել, որ չեք ցանկանում որպես ընթերակա մասնակցել նրա կողմից մատնանշվող քննչական գործողությանը, որի իրավունքը ունեք, և հեռանալ նրանից։ Իսկ եթե նա կպնդի իր պահանջը կամ կհայտնի, որ եթե հրաժարվեք, ապա քրեական կամ այլ պատասխանատվության կենթարկվեք նրա պահանջը չկատարելու համար, ապա պետք է գիտակցեք, որ Դուք իրավունք ունեք հրաժարվել ընթերակա լինելուց, և ՀՀ օրենսդրությամբ որևէ պատասխանատ­վություն նախատեսված չէ ընթերակա հրավիրելուց հրաժարվելու համար, և դա ոստիկանին բացատրելուց հետո կարող եք նրան հայտնել, որ Դուք կահազանգեք իրավասու մարմիններին՝ Ձեր իրավունքները խախտելու համար։ Այնուհետև անհրաժեշտ է ոստիկանից ճշտել նրա անուն-ազգանունը և պաշտոնը, իսկ կատարվածի մասին տեղում ահազանգել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության հետևյալ հեռախոսահամարով՝ 011-52-93-38։ Այդ իրավիճակում կարող եք տեղում ահազանգել ՀՀ հատուկ քննչական ծառայության թեժ գծի հետևյալ հեռախոսահամարով՝ 011-900-035, կամ այցլել վերջինիս հասցե՝ ք․ Երևան, Վ․ Վաղարշյան 13ա, և ներկայացնել կատարվածը։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո28
Ոչ0