Ինձնից գումար հափշտակելու գործը հասել է դատարան, բայց գումարս չեմ ստացել․ ի՞նչ անել և ո՞ւմ դիմել

Քննչական մարմիններ

Ինձնից գումար հափշտակելու գործը հասել է դատարան, բայց գումարս չեմ ստացել․ ի՞նչ անել և ո՞ւմ դիմել

Եթե անձը տուժել է հանցագործության հետևանքով և նրանից խարդախությամբ գումար են հափշտակել, ապա տվյալ անձը քրեական գործով ճանաչվում է որպես տուժող և մասնակից դարձվում թե՛ քրեական գործի նախաքննությանը և թե՛ դատարանում գործի քննությանը։ Քրեական գործի հարուցումից հետո տուժողն իրավունք ունի քաղաքացիական հայց ներկայացնել դատարանին՝ խնդրելով դատավճիռ կայացվելու դեպքում խարդախությամբ հափշտակված գումարը հետ գանձել ամբաստանյալից հօգուտ տուժողի։ Նա դրանով իսկ կստանա նաև քաղաքացիական հայցվորի կարգավիճակ քրեական գործով։ Քաղաքացիական հայցվոր է ճանաչվում քրեական գործով վարույթի ընթացքում հայց ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի նկատմամբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ նրան քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառվել է գույքային վնաս: Քաղաքացիական հայցվոր ճանաչելու մասին որոշում կարող են կայացնել հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը կամ դատարանը՝ կախված այն հանգամանքից, թե որ փուլում է գտնվում քրեական գործի քննությունը։ Դատարանում գտնվող քրեական գործի քննության ընթացքում քաղաքացիական հայցի ներկայացման դեպքում տուժողին որպես քաղաքացիական հայցվոր ճանաչում է դատարանը։

Քաղաքացիական հայցվորն իր ներկայացրած հայցը պաշտպանելու նպատակով իրավունք ունի ծանոթանալ առաջադրված մեղադրանքին, տալ բացատրություններ` իր ներկայացրած հայցի առիթով, ներկայացնել նյութեր քրեական գործին կցելու և հետազոտելու համար, հարուցել միջնորդություններ, ծանոթանալ քննչական և այլ դատավարական գործողությունների արձանագրություններին, որոնց նա մասնակցել է, դիտողություններ ներկայացնել արձանագրությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ, քննչական և այլ դատավարական գործողությանը մասնակցելու, դատարանի նիստին ներկա գտնվելու դեպքում պահանջել նշված գործողության կամ դատարանի նիստի արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք, իր կարծիքով, պետք է նշվեն, ծանոթանալ դատական նիստի արձանագրությանը և ներկայացնել դրա մասին իր դիտողու­թյու-նները, նախաքննության ավարտման պահից ծանոթանալ գործի բոլոր նյութերին, դրանցից պատճեններ հանել և գործից դուրս գրել ցանկացած ծավալի ցանկացած տեղեկություններ, մասնակցել առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նիստերին, դատարանում հանդես գալ ճառով և ռեպլիկով, իր խնդրանքով անվճար ստանալ մեղադրական եզրակացության կամ եզրափակիչ որոշման պատճենը, ինչպես նաև դատավճռի կամ դատարանի` այլ վերջնական որոշման պատճենը, իր ներկայացրած հայցի մասով բողոքարկել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի գործողությունները և որոշումները, հետ վերցնել իր կամ իր ներկայացուցչի ներկայացրած ցանկացած բողոքը, իր ներկայացրած հայցի մասով առարկություններ ներկայացնել դատավճռի կամ դատարանի այլ վերջնական որոշման դեմ բերված դատավարության այլ մասնակիցների բողոքների վերաբերյալ, դատարանի նիստում կարծիք հայտնել դատավարության այլ մասնակիցների միջնորդությունների և առաջարկությունների առիթով, բողոքել մյուս կողմի անօրինական գործողությունների դեմ, ունենալ ներկայացուցիչ և դադարեցնել ներկայացուցչի լիազորությունները, քրեական գործով վարույթի ցանկացած պահին հրաժարվել հայցից, ստանալ քրեական գործով վարույթի ընթացքում կրած ծախսերի հատուցումը, հետ ստանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես իրեղեն ապացույց կամ այլ հիմքերով իրենից վերցված գույքը, ինչպես նաև իրեն պատկանող պաշտոնական փաստաթղթերի բնօրինակները և այլն:

Քաղաքացիական հայցն իր մեջ պետք է պարունակի Ձեզանից հափշտակված կոնկրետ գումարի չափը, որը ցանկանում եք, որ հետ գանձվի հանցագործություն կատարած անձից։ Քաղաքացիական հայցը պետք է հասցեագրել այն դատավորին, որը քննում է քրեական գործը, իսկ օրինակները պետք է ուղարկեք ինչպես մեղադրանքը պաշտպանող դատախազին, այնպես էլ՝ մեղադրվող անձանց։

Քաղաքացիական հայցի օրինակը կարող եք ներբեռնել այստեղից:

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո2
Ոչ0