Հարևանս իր պարսպին տեսախցիկ է տեղադրել ու նկարահանում է իմ տան մուտքը։ Ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Անձնական տվյալների պաշտպանություն

Հարևանս իր պարսպին տեսախցիկ է տեղադրել ու նկարահանում է իմ տան մուտքը։ Ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Վիդեո և տեսանկարահանող սարքավորումների օգտագործումնը և այդ տարբերակով անձի վերաբերյալ տեղեկության հավաքումն առնչվում է անձի անձնական, ընտանեկան կյանքը հարգելու իրավունքին։ Այս իրավունքը պաշտպանված է Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 8-րդ հոդվածով, ինչպես նաև ՀՀ Սահմանդրությամբ։

ՀՀ Սահմանադրությունն  ամրագրում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունք, և այս անձեռնամխելիությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով, այն էլ՝ բացառիկ դեպքերում:

Ավելին, յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք: Անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության` այլ իրավաչափ հիմքի առկայությամբ:

Այս պարագայում անհրաշետ է տարբերակել

  • հանրային
  • և մասնավոր տարածք հասկացությունները։

Հանրային տարածքն այն տարածքն է, որն առանց սահմանափակման հասանելի է յուրաքանչյուրին ցանկացած ժամի և ցանկացած հանգամանքի առկայության պարագայում։

Մասնավոր տարածքն այն տարածքն է, որտեղ անձի/անձանց հասանելիությունը սահմանփակվում է օրենքով կամ տվյալ տարածքի սեփականատիրոջ որոշմամբ։ Մասնավոր տարածքը պաշտպանված է պետական մարմինների, ֆիզիկական անձանց ցանկացած տեսակի, այդ թվում՝ վիդետեսանկարահանման միջամտությունից։

Անձի կողմից իր մասնավոր տարածքում տեղադրված տեսախցիկը կարող է տեսանկարահանել հանրային տարածքը, սակայն եթե այդ տեսանկարահանումն առնչվում կամ ներառում է մեկ այլ անձի մասնավոր տարածքը, ապա դա արգելվում է։

Ձեր մասնավոր տարածքը ներառող տեսանկարահանումը, օրինակ՝ Ձեր տան մուտքը կամ պատուհանը, կարող է իրականացվել միայն Ձեր համաձայնությամբ։

Ի՞նչ անել այն դեպքում, երբ Դուք Ձեր մասնավոր տարածքը ներառող վիդեոտեսանկարահանման համար համաձայնություն չեք ներկայացրել։

  1. Անհրաշետ է դիմել հարևանին կամ վիդեոտեսանկարահանումը տնօրինող անձին և պահանջել, որ վիդեոտեսանկարահանումն իրականացվի այնպես, որ դա չներառի Ձեր մասնավոր տարածքը։
  2. Եթե Ձեր պահանջը չի իրականացվում, և Ձեր մասնավոր տարածքը ներառող վիդեոտեսանկարահանումը չի վերացվում, ապա անհարժեշտ է դիմել ՀՀ արդարադատության նախարարության «Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն»՝ խնդրելով հարուցել վարչական վարույթ, և պարտավորեցնել Ձեր հարևանին վերցնելու Ձեր մասնավոր տարածքը ներառող վիդեոտեսանկարահանումը։

Այդ նպատակով անհրաժեշտ է, նախ, մի քանի անկյուններից նկարել տեղադրված տեսախցիկի դիրքը, նկարել այնպես, որ նկարի մեջ երևա, որ տեսախցիկի տեսադաշտում է գտնվում նաև Ձեր տունը, տան մուտքն ու ելքը կամ պատուհանը, որից հետո անհրաժեշտ է այդ լուսանկարները կցել դիմում-բողոքին։

Ձեր վերաբերյալ առանց Ձեր համաձայնության անձնական կամ ընտանեկան կյանքին վերաբերվող տվյալները հավաքագրելը հանդիսանում է խախտում, որի համար սահմանված է վարչական պատասխանատվություն՝ 200,000-ից 500,000 ՀՀ դրամի չափով։

«Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն» ներկայացվելիք դիմում-բողոքի ձևը կարող եք ներբեռնել այստեղից։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո35
Ոչ1