Կայանված մեքենայիս հարվածել և հեռացել են. ի՞նչ անել և ո՞ւմ դիմել
Նախ անհրաժեշտ է ուսումնասիրել տեղանքը՝ պարզելու համար, թե արդյո՞ք մոտակայքում առկա են տեսաձայնագրման սարքեր։ Եթե այո, ապա դիմեք դրանց սեփականատերերին՝ խնդրելով ցուցադրել վթարի հատվածը։ Եթե տեսաձայնագրություններից որևէ մեկով երևա այն ավտոմեքենան, որը բախվել է Ձեր ավտոմեքենային, ապա Ձեր իսկ հեռախոսով տեսաձայնագրեք այդ հատվածը, իսկ հնարավորության դեպքում՝ նաև փորձեք պարզել այդ տրանսպորտային միջոցի պետհամարանիշները։ Այնուհետև անհրաժեշտ է ահազանգել Ճանապարհային ոստիկանության թեժ գիծ՝ 1-77 և հետևելով հրահանգներին՝ հայտնել կատարվածի մասին։
Ձեր ահազանգի հիման վրա դեպքի վայր կներկայանան Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները և կկազմեն համապատասխան արձանագրություն՝ վթարի վերաբերյալ, որի ժամանակ Դուք պետք է պահանջեք, որ Ճանապարհային ոստիկանությունն իրականացնի վարչական վարույթ, բացահայտի կարգազանց վարորդին, որը լքել է դեպքի վայրը, և ենթարկի նրան վարչական պատասխանատվության։ Միաժամանակ, անհրաժեշտ է վթարի մասին Ձեր առաջին իսկ իմանալուց հետո այդ մասին զանգով տեղեկացնել Ձեր ապահովագրական ընկերությանը։
Վարչական վարույթի ավարտից հետո Ճանապարհային ոստիկանությունը Ձեզ կտրամադրի դրա արդյունքում կայացված որոշման օրինակը, որով հայտնաբերած կլինի կարգազանց վարորդին, և Դուք հնարավորություն կունենաք նրանից վնասների հատուցում պահանջել։ Իսկ եթե կարգազանց վարորդը չհայտնաբերվի, ապա կարող եք նաև կատարվածի մասին ահազանգել ոստիկանություն՝ խնդրելով պարզել կատարվածի մեջ կարգազանց վարորդի հնարավոր դիտավորության առկայությունը և դեպքի վայրը դիտավորյալ լքելու հանգամանքները։