Ցանկանում եմ գնել ավտոմեքենա, սակայն չգիտեմ, թե ինչից պետք է սկսել, ուր պետք է գնալ և ինչպես պետք է կնքել առուվաճառքի պայմանագիրը

Ճանապարհային ոստիկանություն

Ցանկանում եմ գնել ավտոմեքենա, սակայն չգիտեմ, թե ինչից պետք է սկսել, ուր պետք է գնալ և ինչպես պետք է կնքել առուվաճառքի պայմանագիրը

Ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիր կարող եք կնքել երկու տարբերակով՝ նոտարական կարգով կամ առանց նոտարական վավերացման՝ անմիջապես Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական բաժնում։

Նոտարական կարգով առուվաճառքի պայմանագիրը կնքելու համար անհրաժեշտ է, որ այն կնքելու ժամանակ ներկա լինեն ավտոմեքենայի սեփականատերը և այն գնել ցանկացող անձը՝ գնորդը։ Երկուսի դեպքում էլ կարող են պայմանագիրը ստորագրել նրանց ներկայացուցիչները, որոնք պետք է ներկայացնեն համապատասխան լիազորություններ պարունակող լիազորագիր՝ կրկին նոտարական կարգով վավերացված։ Նոտարին պետք է ներկայացնել տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի վկայականը, տեխնիկական անձնագիրը, վաճառողի և գնորդի անձնագրերը, տեղեկանք ՃՈ հաշվառման-քննական բաժնի կողմից այն մասին, որ ավտոմեքենան կալանքի տակ չէ, գրավադրված չէ և ծանրաբեռնված չէ այլ անձանց իրավունքներով։

Տեղեկանքը կարող եք վերցնել ՃՈ հաշվառման-քննական բաժիններից, որտեղ Ձեզ կտրամադրեն դիմումի ձևը, որը պետք է լրացնեք, պետք է վճարեք պետական տուրքը, որից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կտրամադրվի համապատասխան տեղեկանքը։

Նոտարական կարգով պայմանագիր կնքելուց հետո Դուք, որպես գնորդ, կարող եք ավտոմեքենան տանել ՃՈ հաշվառման-քննական բաժին, որտեղ պետք է ավտոմեքենան անցնի ստուգման կետը (ստուգում են ավտոմեքենայի նույնացման համարը), որից հետո կտրամադրեն ստուգման թերթիկ (այն ուժի մեջ կլինի 24 ժամ): Այնուհետև՝ պետք է.

  • Ներկայացնեք ավտոմեքենայի պետհամարանիշները,
  • վճարեք գույքահարկը և ներկայացնեք գույքահարկի զրոյական տեղեկանքը,
  • ավտոմեքենայի հաշվառման համար նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիրը, իսկ եթե ցանկանում եք հատուկ պետհամարանիշ գնել, ապա նաև համապատասխան լրացուցիչ վճար կատարելը հավաստող անդորրագիրը,
  • Ձեր անձնագիրը

Սրանից հետո արդեն կարող եք կատարել ավտոմեքենայի նկատմամբ Ձեր իրավունքների պետական հաշվառում։ Պետական հաշվառում կատարելուց և նոր պետհամարանիշներ ստանալուց հետո պետք է ապահովագրեք տրանսպորտային միջոցը՝ նոր պետհամարանիշներով, քանի որ առանց ԱՊՊԱ պայմանագրի Ձեզ նոր տեխնիկական անձնագիր չեն տրամադրի։ Գործարքը նոտարական կարգով վավերացնելու դեպքում Վաճառողը կարող է հետագայում չգալ ՃՈ հաշվառման-քննական բաժին, և այդ ձևակերպումները կարող եք կատարել առանց նրա ներկայության՝ նոտարական կարգով վավերացված առուվաճառքի պայմանագրով։

Իսկ եթե ցանկանում եք գործարքը կնքել անմիջապես հաշվառման-քննական բաժնում, ապա վաճառողի կամ նոտարական կարգով տրված լիազորագրի հիման վրա հանդես եկող ներկայացուցչի ֆիզիկապես ներկայությունը պարտադիր է ՃՈ հաշվառման-քննական բաժնում։ Եթե ՃՈ տուգանքների պատճառով առկա կլինի արգելանք, ապա չեք կարողանա իրականացնել առուվաճառք, և պետք է վաճառողը վճարի բոլոր տուգանքները, հանի դրված կալանքները։

ԱՊՊԱ պայմանագիրը կարող եք կնքել առցանց՝ www.aswa.am կայքով, անհրաժեշտ է միայն համապատասխան չափի գումար ունենալ բանկային քարտի վրա, որից և գանձում կկատարվի՝ ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս։

Այս գործընթացում հարցեր առաջանալու դեպքում կարող եք դրանք ուղղել ՃՈ հաշվառման-քննական բաժիններում խորհրդատվություն տրամադրող աշխատակիցներին կամ զանգահարել ՃՈ հաշվառման-քննական բաժին հետևյալ հեռախոսահամարով՝ 011-43-02-95, 011-43-02-98, ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո143
Ոչ28