Վթարից հետո մյուս վարորդն ընդունում էր մեղքը, բայց հրաժարվում է դա անել ՃՈ տեսուչների ներկայությամբ․ ի՞նչ անել և ո՞ւմ դիմել

Ճանապարհային ոստիկանություն

Վթարից հետո մյուս վարորդն ընդունում էր մեղքը, բայց հրաժարվում է դա անել ՃՈ տեսուչների ներկայությամբ․ ի՞նչ անել և ո՞ւմ դիմել

Նման իրավիճակում անհրաժեշտ է զանգահարել այն ապահովագրական ընկերություն, որտեղ ապահովագրել եք Ձեր տրանսպորտային միջոցը և մանրամասն նկարագրել, թե վթարը ինչպես է առաջացել, որից հետո լուսանկարեք և տեսանկարահանեք վթարված մեքենաները, նրանց դիրքերը վթարից հետո, վթարի վայրում առկա անիվների հետքերն ու թափված դետալները։ Այնուհետև անհրաժեշտ է ահազանգել Ճանապարհային ոստիկանության թեժ գիծ՝ 1-77, և հետևելով հրահանգ­ներին՝ հայտնել կատարվածի մասին։ ՃՈ տեսուչները դեպքի վայր գալուց հետո կկազմեն դեպքի վայրի սխեման, որը կներկայացնեն Ձեր ստորագրմանը։ Պետք է հետևեք, որ ՃՈ տեսուչն այն կազմի հնարավորինս ճշգրիտ, քանի որ այն հետագայում հիմք է ընդունվելու վթարի մեջ մեղավորության հարցը պարզելիս։ Սխեման կազմելուց հետո ՃՈ տեսուչը առաջարկելու է արձանա­գրության մեջ նկարագրել վթարը։ Անհրաժեշտ է այն նկարագրել հնարավորինս հստակ, պարզ և ման­րամասն, քանի որ Ձեր կողմից գրառվող բացատրությունը ևս հիմք է ընդունվելու փորձագետի կողմից վթարի մեջ մեղավորության հանգամանքը պարզելու ժամանակ։

Ձեր ահազանգի հիման վրա դեպքի վայր կներկայանան Ճանապարհային ոստիկանության աշխա­տակիցները և կկազմեն համապատասխան արձանագրություն, որի ժամա­նակ Դուք պետք է պահանջեք, որ Ճանապարհային ոստիկանությունն իրականացնի վարչական վարույթ, բացահայտի կարգազանց վարորդին, որը լքել է դեպքի վայրը, և ենթարկի նրան վարչական պատասխանատվության։ Միաժամանակ, անհրաժեշտ է վթարի մասին Ձեր առաջին իսկ իմանալուց հետո այդ մասին զանգով տեղեկացնել Ձեր ապահովագրական ընկերությանը։

Վարչական վարույթի ավարտից հետո Ճանապարհային ոստիկանությունը ապահովագրական ընկե­րություններին կտրամադրի դրա արդյունքում կայացված եզրակացության օրինակը, որից հետո ապա­հովագրական ընկերությունները, ըստ անհրաժեշտության, կնշանակեն փորձաքննություն՝ պարզելու վթարում մեղավոր կողմին։ Փորձաքննության ավարտից հետո ապահովագրական ընկերությունը եզրակացության մի օրինակը կուղարկի Ձեզ կա՛մ փոստային ծառայության միջոցով, կա՛մ էլ այն էլեկտրոնային հասցեին, որը նշել եք Ձեր ԱՊՊԱ պայմանագրում։ Ստանալով փորձագիտական եզրակացությունը՝ դուք իրավունք ունեք այն ստանալու պահից 5 աշխատանքային օրվա մեջ չհամաձայնվել դրա հետ և կրկնակի փորձաքննություն նշանակելու դիմում ներկայացնել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ին։ Ձեր դիմումի հիման վրա Բյուրոն կիրականացնի կրկնակի փորձաքննություն՝ փորձաքննությունը պատվիրելով այլ փորձագիտական կազմակերպության։ Բյուրոյի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Եթե կրկնակի փորձաքննության եզրակացության արդյունքները ևս չգոհացնեն Ձեզ, ապա կարող եք այն վիճարկել դատական կարգով՝ ապացուցելով Ձեր անմեղությունը տեղի ունեցած վթարում։ Դատարանում անհրաժեշտ է լինելու ներկայացնել ապացույցներ, որոնցով կհիմնավորվի մյուս վարորդի մեղավորությունը վթարում։ Այդպիսի ապացույցներից են նաև վթարին ականատես վկաների ցուցմունքն­երը, վթարի վերաբերյալ տեսանյութը, վթարից հետո կատարված լուսանկարները, փորձա­գետի եզրակացությունները և այլն։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո10
Ոչ2