Ուզում եմ իմանալ, թե ինչ տուգանքներ ունեմ ՃՈ-ում։ Ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Ճանապարհային ոստիկանություն

Ուզում եմ իմանալ, թե ինչ տուգանքներ ունեմ ՃՈ-ում։ Ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Ձեր կողմից իրականացված ենթադրյալ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հիմքով առկա վարչական ակտերի վերաբերյալ կարող եք տեղեկություններ ստանալ Ձեր տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի կամ սոցիալական քարտի տվյալների միջոցով: Տեխնիկական անձնագրի վրա առկա տեղեկություններից անհրաժեշտ են միայն ավտոմեքենայի համարները և տեխնիկական անձնագրի համարը՝ սերիան։ Տուգանքների առկայության մասին տեղեկություններ կարող եք ստանալ միանգամից մի քանի եղանակով և ամենևին էլ անհրաժեշտ չէ ներկայանալ Ճանապարհային ոստիկանություն։

ՏԱՐԲԵՐԱԿ 1 – Անհրաժեշտ է մոտենալ ցանկացած վճարման տերմինալի, սեղմել ՃՈ տուգանքներ կոճակը, մուտքագրել Ձեր հեռախոսահամարը և սոցիալական քարտի համարը՝ ՀԾՀ-ն, որից հետո էկրանին կհայտնվեն տվյալներ Ձեր նկատմամբ ճանապարհային ոստիկանության կողմից կայացված տուգանքների մասին, որոնցից յուրաքանչյուրը կարող եք տեղում վճարել։

ՏԱՐԲԵՐԱԿ 2 –  Անհրաժեշտ է այցելել Ճանապարհային ոստիկանության կայքի հետևյալ հղումով, որից հետո համապատասխան դաշտում լրացնել Ձեր տրանսպորտային միջոցի համարները, տեխնիկական անձնագրի համարը, որը գրված է ներքևի աջ անկյունում, սեղմել «ես ռոբոտ չեմ» կոճակը, իսկ հետո սեղմել «որոնում»։ Վայրկյանների ընթացքում կհայտնվեն ամբողջական տեղեկություններ Ձեր տուգանքների մասին, որտեղ, եթե տուգանքը կարմի գույնով է, ապա այն վճարված չէ։ Կոնկրետ տուգանքների մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար պետք է սեղմել դրանցից յուրաքանչյուրի վրա, որից հետո կբացվի նոր պատուհան, որտեղ կարտապատկերվի որոշման բովանդակությունը, տուգանքի լուսանկարն ու տեսանյութը։ Տեսանյութը դիտելու համար այն պետք է նախ ներբեռնեք համակարգիչ։

ՏԱՐԲԵՐԱԿ 3 – Անհրաժեշտ է այցելել Ճանապարհային ոստիկանության կայքի հետևյալ հղումով, որից հետո համապատասխան դաշտում պետք է լրացնեք տուգանքի մեջ նշված որոշման անհատական ծածկագիրը (PIN#), այնուհետև սեղմեք «որոնում» կոճակը։ Վայրկյանների ընթացքում կհայտնվեն ամբողջական տեղեկություններ լուսանկարման և տեսանկարահանման միջոցով արձանագրված խախտումներով կայացված կոնկրետ այն տուգանքի մասին, որի անհատական ծածկագիրը հավաքել եք այդ դաշտում։

ՏԱՐԲԵՐԱԿ 4 – Անհրաժեշտ է այցելել Ճանապարհային ոստիկանության կայքի հետևյալ հղումով, հետևել տրվող հրահանգներին, հավաքել հեռախոսահամարը, համապատասխան կոդը ստանալուց հետո՝ տեղադրել նշված դաշտում և սեղմել «գրանցում»։ Իսկ SMS-ի միջոցով գրանցվելու համար՝ հետևել կայքում առկա հրահանգներին։ Այդ պահից սկսած՝ Ձեր հետ կապված տուգանքների նշանակման դեպքում Ձեր հեռախոսահամարին կուղարկվեն ծանուցումներ։

 

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո386
Ոչ136