Տանը բնակվում ենք երկու հոգով, բայց առաջվա պես վեց հոգու համար ենք աղբի փող մուծում․ ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ
Աղբահանությունը ծառայություն է, որը մատուցում է աղբահանության այն կազմակերպությունը, որը համայնքի հետ կնքված պայմանագրով ստանձնել է աղբահանության իրականացումն ամբողջ համայնքում։ Աղբահանությունը իրականացնում է մասնավոր կազմակերպությունը, սակայն դրա համար գումարների գանձումը դրված է համայնքի և վարչական շրջանների ղեկավարների վրա, այդ պատճառով էլ իրենք են հաշվարկում և քաղաքացիներից պահանջում աղբահանության գումարների վճարում։
Աղբահանության գումարները բնակելի շենքի բնակարանների համար հաշվարկվում են ըստ բնակարանի տարածության մեծության (ըստ քառակուսի մետրի), և այդ չափը սահմանվում է այն համատիրության կողմից, որն իրականացնում է շենքի սպասարկումը։ Շենքերի դեպքում վարչական շրջաններն ու համայնքները հիմնականում աղբահանության գումարները գանձելու իրենց լիազորությունը հանձնարարում են համատիրություններին, որոնք էլ քաղաքացիներից ամեն ամիս պահանջում և գանձում են դրանք՝ ըստ բնակարանների քառակուսի մետրերի։
Սեփական տների դեպքում աղբահանության գումարի չափը որոշվում է այն անձանց քանակով, որոնք փաստացի բնակվում են տվյալ բնակելի տանը։ Հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ։ Նախ համայնքը կամ վարչական շրջանը պարզում է, թե որ ժամանակահատվածում քանի անձ է բնակվում կոնկրետ հասցեում, որի հիմքով էլ կատարվում է բնակվող անձերի քանակով աղբահանության գումարի հաշվարկը։ Այս դեպքում հաճախ են լինում դեպքեր, որ, օրինակ, բնակվող անձանց քանակը պակասում է (որոշ բնակիչներ տեղափոխվում են այլ հասցե բնակվելու), որի մասին տեղեկացված չի լինում համայնքը կամ վարչական շրջանը, և այդ պատճառով էլ հաշվարկը կատարում են իրենց մոտ առկա տեղեկատվության հիման վրա։
Նմանատիպ իրավիճակներում անհրաժեշտ է համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին ներկայացնել դիմում՝ հայտնելով, թե որ ժամանակահատվածում քանի անձ է բնակվել Ձեր հասցեում՝ Ձեր դիմումին կից ներկայացնելով նաև հարևանների հայտարարությունները, որով նրանք ևս կհաստատեն դա։ Դիմումն ու հայտարարության Ձևը կարող եք ներբեռնել այստեղից։
Արտակ
Բարև Ձեզ: Բնակվում եմ բազմաբնակարան շենքում և աղբի համար վճարում եմ անձաքանակով, ոչ թե քառակուսի մետրով: Գուցե ինչ որ բան սխա՞լ է:
1234
Բարև ձեզ, իսկ քանի՞ տարեկանից են հաշվում։
Անանուն
Քանի՞ տարեկանից է հաշվարկվում անձի համար աղբահանության գումար։