Ուզում եմ իմանալ, թե որքան եմ պարտք բանկին, բայց ինձ ուղղորդում են իրավաբանների մոտ։ Ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ
Քաղաքացու՝ բանկի նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը կարող է հասանելի լինել ոչ բոլոր մասնաճյուղերում կամ ոչ բոլոր մասնաճյուղերի աշխատակիցները կարող են հասանելիություն ունենալ տվյալների այդ բազային: Այդ պատճառով բանկի տվյալ մասնաճյուղի աշխատակիցը կարող է ձեզ ուղղորդել այն մասնաճյուղ կամ այն աշխատակցի մոտ, որը տիրապետում է այդ տեղեկություններին կամ հասանելիություն ունի տվյալների համակարգին:
Նման դեպքում կարող եք հետևել բանկի տվյալ աշխատակցի ուղղորդմանը և այցելել այն բանկ, որտեղ առկա են ձեր պարտավորությունների վերաբերյալ ամբողջական տվյալներ: Եթե բանկից առհասարկ հրաժարվում են Ձեր պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ տրամադրել, ապա կարող եք ձեռնարկել հետևյալ քայլերից որևէ մեկը․
- Դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ՝ ներկայացնելով Ձեր խնդիրը բանկի հետ, և խնդրել նրանց միջամտությունը։ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ծառայություններն անվճար են։ Դուք կստանաք մանրամասն խորհրդատվություն, իսկ խնդիրների առկայության դեպքում նրանք կմիջամտեն խնդրի լուծմանը, կբանակցեն բանկի հետ և կպաշտպանեն Ձեր իրավունքները բանկերի հետ հարաբերություններում։ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հասցեն և այլ մանրամասները կարող եք գտնել նրանց պաշտոնական կայքում՝ հետևյալ հղմամբ, կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 060-70-11-11։
- Այցելել ԱՌՔԱ վարկային բյուրոյի կայքը և գրանցվել կայքում։ Կայքում գրանցվելուց հետո Դուք հնարավորություն կստանաք ցանկացած պահի մուտք գործել կայքում բացված Ձեր անձնական էջ և ստանալ ամբողջական տեղեկատվություն Ձեր վարկային պատմության վերաբերյալ։ Այն իր մեջ ներառում է Ձեր նախկին և գործող բոլոր վարկերի մասին ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաև տեղեկություններ «սև ցուցակում» գտնվելու կամ չգտնվելու մասին, վարկային դասակարգումների մասին և պարտքի մնացորդների մասին։ ԱՌՔԱ վարկային բյուրոյի կայքում գրանցվելու համար անհրաժեշտ է մուտք գործել հետևյալ հղումով, լրացնել անձնական և անձնագրային տվյալների բոլոր դաշտերը, որից հետո Ձեր էլեկտրոնային հասցեին կստանաք Ձեր օգտահաշիվը ակտիվացնելու մասին նամակ։ Այն ակտիվացնելուց հետո պետք է միայն մուտք գործել անձնական էջ և ստանալ Ձեզ հետաքրքող տվյալները։ Բացի այդ, կարող եք նաև այցելել ԱՌՔԱ վարկային բյուրո հետևյալ հասցեով՝ ՀՀ, ք. Երևան, Մ. Խորենացի փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 9-րդ հարկ, և վարկային պատմության մասին Ձեզ հետաքրքրող տվյալները ստանալ թղթային տարբերակով։ ԱՌՔԱ վարկային բյուրո կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝010-522-487։