Գրավատունը վաճառել է ոսկյա իրերս՝ չմուծված պարտքի և տույժերի համար, ու էլի գումար է պահանջում․ ի՞նչ անել և ու՞մ դիմել։

Բանկեր եւ ֆինանսներ

Գրավատունը վաճառել է ոսկյա իրերս՝ չմուծված պարտքի և տույժերի համար, ու էլի գումար է պահանջում․ ի՞նչ անել և ու՞մ դիմել։

Նախ հարկ է ուսումնասիրել Ձեր և գրավատան միջև կնքված գրավի պայմանագիրը, որով կարգա­վորված են բոլոր հարցերը։ Պայմանագիրը ուսումնասիրելուց հետո անհրաժեշտ է քննարկել, թե որքանով են գրավատան այդ պահանջները և ցուցաբերած վարքագիծը համապատասխանում պայմանագրին և գործող օրենսդրությանը։ Պետք է պարզել նաև, թե ինչ գումարով են վաճառել ոսկյա իրերը և երբ են դրանք վաճառվել։ Հաճախ գրավատները ոսկյա իրերը վաճառում են գրավադրված ոսկյա իրերի գնահատված արժեքից ավելից ցածր գումարով, որն էլ առաջ է բերում պարտքի ոչ ամբողջական մարում։ Իսկ որոշ դեպքերում էլ գրավատունը սպասում է, որ կուտակվեն որոշակի չափով տույժեր ու տուգանքներ, ու հետո նոր իրացնում է ոսկյա իրերը։ Եթե ոսկյա իրերը վաճառվել են ոչ այն արժեքով, որը նախապես գնահատվել է գրավ դնելիս, իսկ ոսկյա իրերը վաճառելիս էլ Ձեզ նախօրոք չի ծանուցել, չի հայտնել, որ Ձեր ոսկյա իրերը վաճառքի է հանում, եթե գրավատունը Ձեր՝ պարտավորությունները չկատարելու պահից հետո ողջամիտ ժամկետում չի վաճառել ոսկյա իրերը, ապա նման իրավիճակում առկա է գրավատան կողմից պայմանագրի և ՀՀ օրենսդրության պահանջների խախտում։

Նման իրավիճակում կարող եք Ձեր այդ ֆինանսական խնդիրները գրավատան հետ լուծելու նպատակով դիմել ՀՀ  Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ՝ ներկայացնելով Ձեր խնդիրը գրավատան հետ և խնդրել նրանց միջամտությունը։ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ծառայություններն անվճար են։ Դուք կստանաք մանրամասն խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում նրանք կմիջամտեն խնդրի լուծմանը, կբանակցեն գրավատան հետ և կպաշտ­պանեն Ձեր իրավունքները գրավատան հետ հարաբերություններում։ ՀՀ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հասցեն և այլ մանրամասները կարող եք գտնել նրանց պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ։ Կամ կարող եք զանգահարել հետևյալ հեռախո­սա­հա­մար­ով՝ 060-70-11-11։

Իսկ եթե գրավատունն արդեն իսկ դիմել է դատարան, ապա պետք է Ձեր այդ առարկությունները գրավոր և բանավոր կերպով ներկայացնեք դատարան՝ հայտնելով, որ գրավատունը դրսևորել է անբարեխիղճ վարքագիծ՝ դիմումում նկարագրելով և շարադրելով Ձեր փաստարկները։ Դատարանը քննության կառնի Ձեր առարկությունները և կորոշի, թե որքանով է հիմնավոր գրավատան պահանջը Ձեր հանդեպ։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո21
Ոչ2