Ուշացրել եմ վարկիս վճարումը, և բանկն ինձանից անհամաչափ տույժեր ու տուգանքներ է պահանջում, որոնք ավել են անգամ մայր գումարից։ Ի՞նչ անեմ և ու՞մ դիմեմ

Բանկեր եւ ֆինանսներ

Ուշացրել եմ վարկիս վճարումը, և բանկն ինձանից անհամաչափ տույժեր ու տուգանքներ է պահանջում, որոնք ավել են անգամ մայր գումարից։ Ի՞նչ անեմ և ու՞մ դիմեմ

Առաջնահերթ անհրաժեշտ է պարզել, թե Ձեր և բանկի միջև կնքված վարկային պայմանագրում որքան տույժեր և տուգանքներ են սահմանված վարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու համար, և ըստ պայմանագրի՝ կատարել հաշվարկ։ Եթե հաշվարկներում կառաջանան դժվարություններ, ապա կարող եք համապատասխան բանկի մասնաճյուղից վերցնել համապատասխան քաղվածք, որտեղ մանրամասն նշված կլինեն հաշվեգրված տույժերը, տուգանքները և մայր գումարը։

Պետք է հիշել, որ պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Շատ կարևոր է իմանալ, որ որքան էլ շատ պայմանագրով սահմանված լինեն տույժերն ու տուգանքները, միևնույնն է, պայմանագրով որոշված և կուտակված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական՝ մայր գումարը:

Ընդ որում, եթե պայմանագրում այս կանոնին հակասող կարգավորում նախատեսված լինի, ապա այն կլինի առոչինչ։ Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ այս կանոնը գործում է միայն 14.12.2017 թ․-ից հետո կնքված վարկային պայմանագրերի համար, քանի որ համապատասխան օրենսդրական կարգավորումը ուժի մեջ է մտել միայն 14.12.2017 թ․-ին (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդված)։

Եթե բանկը պահանջում ավելի շատ տույժեր ու տուգանքներ, քան մայր գումարն է, ապա առաջ­նահերթ անհրաժեշտ է գրավոր դիմել համապատասխան բանկ՝ պահանջելով կատարել վերահաշվարկ և տույժերի ու տուգանքների չափը համապատասխանեցնել օրենքին, որ չափը չգերազանցի պարտքի մայր գումարը։ Դիմումի օրինակը կարող եք ներբեռնել այստեղ։

Բանկի կողմից նման դիմումը մերժվելու դեպքում կարող եք դիմել ՀՀ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ, որի տվյալներին կարող եք ծանոթանալ՝ սեղմելով այստեղ։

Իսկ եթե բանկը արդեն իսկ դիմել է դատարան՝ գումարի բռնագանձման պահանջով, ապա անհրաժեշտ է դատարան ներկայացնել առարկություն այդչափ տույժեր ու տուգանքներ բռնագանձելու պահանջի դեմ, որի օրինակը կարող եք ներբեռնել՝ սեղմելով այստեղ:

Դատարանը կամ ֆինանսական համակարգի հաշտարարը պարտապանի պահանջով պակասեցնում է վճարման ենթակա կամ վճարված պայմանագրով որոշված տուժանքի չափը, եթե տուժանքն ակնհայ­տորեն անհամաչափ է պարտավորության խախտման հետևանքներին և եթե՝

1) պարտապանը, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրա­պե­տության օրենքի համաձայն, հանդիսանում է շահառու, կամ

2) մահացած պարտապանի` ժառանգությունն ընդունած ժառանգները ներառված են սոցիալապես անապահով ընտանիքների ցանկում, կամ

3) պարտավորության պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի հետևանքով, և օրենքով կամ պայմանագրով անհաղթահարելի ուժը չի ազատում պատասխանատվությունից:

Դատարանի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից տուժանքը պակասեցնելու դեպքում պարտատերը պարտապանի դիմումի հիման վրա դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու կամ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պարտադիր դառնալու պահից կատարում է վերահաշվարկ, իսկ տուժանքը վճարված լինելու դեպքում պարտապանին վերադարձնում է վճարված տուժանքի պակասեցված չափին համապատասխան գումար:

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո131
Ոչ8

Մեկնաբանություններ (3)

  1. Արսեն
    Ապրիլի 23, 2019

    Բարև ձեզ, ասեք խնդրեմ, իսկ ինչու չենք կարողանում բացել վարչապետին ուղղված դիմումի օրինակը։

  2. Սարգիս
    Հունիսի 15, 2019

    Շատ ուրախալի լուր։

  3. Անանուն
    Հուլիսի 9, 2019

    Իսկ եթե խմբայի՞ն վարկ է, և չվճարող վարկառուն երկրում չէ։ Ի՞նչ խորհուրդ կտաք։