Ես այլևս չեմ ուզում լինել երաշխավոր մի վարկառուի, որը չի կատարում վճարումները։ Ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Բանկեր եւ ֆինանսներ

Ես այլևս չեմ ուզում լինել երաշխավոր մի վարկառուի, որը չի կատարում վճարումները։ Ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի համաձայն, երաշխավորը՝ երաշխավորության պայմանագրով, վարկ վերցրած անձի հետ միասին բանկի առջև պարտավորվում է պատասխանատվություն կրել վարկային պարտավորությունը լրիվ կամ մասնակի չկատարելու դեպքերում։ Ընդ որում, բանկը կարող է վարկի մարում պահանջել ինչպես վարկ վերցրած անձից, այնպես էլ՝ երաշխավորից։ Եթե վարկառուն չի կատարում իր պարտավորությունները, ապա Դուք Ձեր երաշխավորի կարգավիճակը կարող եք դադարեցնել հետևյալ դեպքերում․

  • Դուք՝ որպես երաշխավոր, կարող եք առանց վարկառուի կամքը հաշվի առնելու վարկառուի փոխարեն վճարել նրա վարկային այն պարտավորությունները, որոնց համար երաշխավոր եք դարձել, իսկ հետո բանկին վճարած գումարի չափով պահանջ ներկայացնել վարկառուի հանդեպ։ Այդ պահանջը կարող է բավարարվել վարկառուի համաձայնությամբ կամ դատարանի որոշմամբ հարկադիր կարգով: Այս դեպքում բանկի կողմից գումարի նկատմամբ տույժ և տուգանքներ չեն հաշվարկիվի, և որպես երաշխավորի՝ Ձեզ սեփականության իրավունքով պատկանող գույքի, աշխատավարձի նկատմամբ կալանքներ չեն կիրառվի Ձեզ պատկանող գույքի վրա։ Բացի այդ, դրանով հանդերձ, չի վատթարանա Ձեր վարկային պատմությունը։ Դուք կարող եք դիմում ներկայացնել բանկին՝ խնդրելով Ձեզ փոխարինել այլ անձով։ Սակայն պետք է հաշվի առնել, որ բանկը կարող է բավարարել կամ չբավարարել ձեր դիմում-պահանջը՝  գնահատելով  տվյալ անձի գույքային դրությունը և այլ հնարավորությունները՝ երաշխավոր հանդսիանալու վերաբերյալ: Վարկառուն չի կարող ավելի անբարենպաստ  գույքային դրության մեջ լինել, քան Դուք, և չպետք է բացասական վարկային պատմություն ունենա։ Այս հանգամանքները ազդելու են բանկի կողմից որոշում կայացնելու վրա։
  • Եթե բանկն առանց Ձեր համաձայնության վարկառուի հետ փոփոխել է պարտավորության չափը՝ մեծացնելով այն, կամ նմանատիպ փոփոխությունը հանգեցրել է Ձեզ համար անբարենպաստ այլ հետևանքների, Դուք իրավունք ունեք դիմել դատարան՝ պահանջելով դադարած ճանաչել երաշխավորության պայմանագիրը: Դուք իրավունք ունեք դատական կարգով պահանջել դադարած ճանաչել երաշխավորության պայմանագիրը նաև այն դեպքում, երբ բանկը չի ընդունել կամ հրաժարվել է ընդունել վարկառուի կամ Ձեր կողմից վարկի վճարումները՝ անկախ այդպիսի հրաժարման պատճառներից։
  • Ուսումնասիրեք Ձեր և բանկի միջև կնքված երաշխավորության պայմանագիրը, քանի որ երաշխա­վորությունը դադարած է համարվում նաև այն դեպքում, երբ երաշխավորության պայմանագրում նշված երաշխավորության ժամկետն ավարտվել է: Իսկ եթե նման ժամկետ նշված չէ, ապա երաշխավորությունը դադարում է, եթե բանկը վարկի վճարումը կատարելու ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, գումարի բռնագանձման պահանջով հայցապահանջ չի ներկայացրել դատարանին:

Այն բոլոր դեպքերում, երբ երաշխավորության պայմանագիրը, ըստ Ձեզ, դադարել է վերոնշյալ հիմքերից որևէ մեկով, ապա Դուք կարող եք այդ մասին հայտնել բանկին՝ հորդորելով Ձեր դեմ չներկայացնել պահանջներ, իսկ եթե արդեն իսկ ներկայացրել է, ապա Ձեր առարկությունները պետք է ներկայացնեք դատարանին՝ վկայակոչելով երաշխավորության դադարելու հիմքերն ու պատճառները։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո81
Ոչ16

Մեկնաբանություն (1)

  1. Մանե
    Ապրիլի 23, 2019

    Հնարավոր կլինի՞ ես երաշխավորությունից դուրս գամ, ինչ-որ մեկի պատճառով հայտնվել եմ ԴԱՀԿ-ում։