Ճանապարհային ոստիկանը կանգնեցրել է մեքենաս ու պահանջում է փաստաթղթեր։ Ի՞նչ անեմ
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի համաձայն, Ճանապարհային ոստիկանության ծառայողը կարող է կանգնեցնել մեքենան հետևյալ դեպքերում.
1․ Եթե ակնհայտ կամ տեխնիկական միջոցների օգտագործմամբ երևում է, որ վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները, կամ տրանսպորտային միջոցի ընթացքը կամ տեղափոխվող բեռը, կամ վարորդը կամ ուղևորներն իրենց վարքագծով ակնհայտորեն վտանգ են ստեղծում երթևեկության անվտանգության համար,
2․ Եթե բավարար հիմքեր կան կասկածելու, որ տրանսպորտային միջոցը կամ դրա ներսում գտնվող անձինք գտնվում են հետախուզման մեջ,
3․ Եթե անհրաժեշտություն կա վարորդներին տեղեկացնել ճանապարհներին առաջացած վտանգների, անբավարար պայմանների մասին:
Տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո կարգավորող ոստիկանության ծառայողը պարտավոր է անհապաղ մոտենալ վարորդին, ներկայանալ, հայտնել կանգնեցնելու պատճառը, այնուհետև կարող է պահանջել փաստաթղթերը, որպեսզի օրենքով սահմանված կարգով արձանագրի իր կողմից հայտնաբերած խախտումը: Դրանից հետո նա պարտավոր է արձանագրությունը ներկայացնել Ձեզ՝ ծանոթանալու համար, որտեղ Դուք իրավունք ունեք կատարելու գրառումներ առարկությունների մասին, եթե այդպիսիք ունեք։ Արձանագրելուց հետո ճանապարհային ոստիկանը Ձեզ պետք է տրամադրի վարչական ակտի՝ որոշման օրինակը, իսկ ստորագրելուց և ստանալուց հրաժարվելու դեպքում՝ պետք է հայտնի, որ որոշումը կուղարկվի Ձեր հասցեով փոստային ծառայությամբ, որից հետո նոր կթույլատրի տրանսպորտային միջոցի հետագա երթևեկությունը։
Եթե ճանապարհային ոստիկանը խախտում է իր գործողությունների վերոգրյալ հերթականությունը, ապա Դուք իրավասու եք հրաժարվել նրան ներկայացնել փաստաթղթերը՝ պահանջելով, նախ, ներկայանալ, հետո՝ հայտնել կանգնեցնելու պատճառները։ Եթե նա հրաժարվի հայտնել կանգնեցնելու պատճառները, ապա Դուք կարող եք անմիջապես զանգահարել Ճանապարհային ոստիկանության 1-77 կարճ համարով և հայտնել Ձեզ կանգնեցրած տեսուչի կրծքանշանի համարը և այն, որ նա հրաժարվում է Ձեզ հայտնել կանգնեցնելու պատճառները։ Դուք իրավասու եք արձանագրության մեջ նշել Ձեր բոլոր առարկությունները, որոնք ունեք, և ճանապարհային ոստիկանը իրավասու չէ Ձեզ արգելել։