Ի՞նչ անեմ և ու՞մ դիմեմ, եթե ինձ ստիպում են բացահայտել քվեարկությունս կամ քվեարկել կոնկրետ թեկնածուի օգտին

Ընտրություններ

Ի՞նչ անեմ և ու՞մ դիմեմ, եթե ինձ ստիպում են բացահայտել քվեարկությունս կամ քվեարկել կոնկրետ թեկնածուի օգտին

Սահմանադրությամբ և օրենքով երաշխավորվում է քվեարկության գաղտնիությունը։ Ընտրական իրավունքն իրականացվում է ազատության և կամավորության սկզբունքների հիման վրա։ Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու ընտրողին քվեարկելու որևէ թեկնածուի կամ կուսակցության օգտին կամ նրանց դեմ։

Որևէ կուսակցության կամ թեկնածուի օգտին քվեարկելուն հարկադրելը կարող է դրսևորվել տարբեր ձևերով։ Ձեզ կարող են հարկադրել լուսանկարահանել քվեաթերթիկը, տեղամասային կենտրոնում ստուգել քվեարկած քվեաթերթիկը, Ձեր կամքին հակառակ Ձեզ հետ միասին մուտք գործել քվեարկության սենյակ կամ խցիկ կամ որևէ այլ եղանակով ստիպել Ձեզ բացահայտել Ձեր քվեարկության արդյունքը։ Ձեզ կարող են հարկադրել քվեարկել որոշակի թեկնածուի կամ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին՝ սպառնալով վնասել Ձեր գույքը կամ պարզապես վնասել այն։ Ձեզ քվեարկելուն կարող է հարկադրել նաև Ձեր գործատուն՝ ակնարկելով հակառակ պարագայում ազատել Ձեզ աշխատանքից։ Քվեարկելուն հարկադրելը կարող է դրսևորվել նաև բռնություն կամ բռնության սպառնալիք գործադրելու միջոցով։ Հնարավոր են նաև իրավիճակներ, երբ Ձեզ հարկադրեն քվեարկել մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն։ Այս և քվեարկել հարկադրելուն ուղղված այլ արարքների համար նախատեսված է քրեական պատասխանատվություն Քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով։ Կախված հանցագործության կատարման եղանակից՝ Քրեական օրենսգրքով որպես պատիժ նախատեսված է տուգանք 500,000-700,000 դրամի չափով կամ ազատազրկում մինչև վեց տարի ժամկետով։

Եթե որևէ եղանակով Ձեզ հարկադրում են քվեարկել որոշակի թեկնածուի կամ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի օգտին, ապա հանցագործության մասին կարող եք ահազանգել ոստիկանության թեժ գծի հեռախոսահամարով՝ զանգահարելով 1-02, և հայտնել հանցագործության դեպքի մասին։ Հանցագործության մասին կարող եք հայտնել նաև անձամբ՝ ներկայանալով ոստիկանության տարածքային բաժին և այնտեղ հերթապահող հետաքննիչին հայտնել կատարված կամ նախապատրաստվող հանցագործության մասին։ Զանգահարելու դեպքում ոստիկանությունում գրանցվում է ահազանգ դեպքի մասին, որից հետո հերթապահող ոստիկանության աշխատակիցները անհապաղ ներկայանում են դեպքի վայր՝ տեղում պարզելու դեպքի հանգամանքները։ Դրանից հետո Ձեզ կհրավիրեն ոստիկանություն՝ Ձեզնից հաղորդում ընդունելու նպատակով։ Երկու դեպքում էլ կազմվում է հանցագործության վերաբերյալ հաղորդման թերթիկ, որից հետո Ձեզ կտրամադրեն հաղորդում ներկայացրած լինելը հավաստող արձանագրության մեկ օրինակ։

Եթե հանցագործությունը տեղի է ունեցել քվեարկության օրը տեղամասային կենտրոնում, ապա անհրաժեշտ է այդ մասին տեղյակ պահել հանձնաժողովի նախագահին՝ խնդրելով հրավիրել այդ ընտրական տեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանին։ Ոստիկանին անհրաժեշտ է ներկայացնել հանցագործության մասին հաղորդում՝ նշելով հանցագործություն համարվող դեպքի մասին և բնութագրելով հնարավոր հանցագործություն կատարած անձին։ Հաղորդումը կարող է լինել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր։ Հաղորդման մասին կազմվում է արձանագրություն, որը պետք է ստորագրվի Ձեր և հաղորդումը վերցնող ոստիկանի կողմից։

Եթե հանձնաժողովի նախագահը հրաժարվում է ոստիկանին հրավիրելուց, հանցագործության մասին կարող եք տեղեկացնել տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին՝ տեղեկացնելով, թե որ ընտրական տեղամասում է տեղի ունեցել դեպքը։ Տարածքային ընտրական հանձնաժողովների վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ։ Կամ պարզապես հանցագործության մասին կարող եք ահազանգել ոստիկանության թեժ գծի հեռախոսահամարով՝ զանգահարելով 1-02, և հայտնել հանցագործության դեպքի մասին։

Հանցագործության մասին կարող եք տեղեկացնել նաև տեղամասային կենտրոնում գտնվող դիտորդներին և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, որոնք կարող են բարձրաձայնել այդ մասին, ինչպես նաև աջակցել Ձեզ հետագա քայլերում։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո3
Ոչ0