Ի՞նչ անել և ու՞մ դիմել, եթե ստիպում կամ արգելում են որևէ հանրահավաքի մասնակցել

Ընտրություններ

Ի՞նչ անել և ու՞մ դիմել, եթե ստիպում կամ արգելում են որևէ հանրահավաքի մասնակցել

Նախընտրական շրջանում ընտրական հանցագործությունների մասին անանուն ազդարարելու համար կարող եք լրացնել հետևյալ ձևանմուշը։

Սահմանադրությամբ երաշխավորվում է յուրաքանչյուրի՝ խաղաղ, առանց զենքի հավաքներին մասնակցելու կամ հավաքներ կազմակերպելու իրավունքը։ Հավաքների ազատության իրավունքի պաշտպանությունը առավել արդիական է դառնում նախընտրական շրջանում։ Քրեական օրենսգրքով պատասխանատվություն է նախատեսվում հավաքների ազատության իրավունքի խախտման համար, այդ թվում՝ նախընտրական շրջանում։ Հատկապես տարածված են նախընտրական շրջանում անձանց՝ հավաքներին մասնակցելուն հարկադրելու դեպքերը։

Հավաքներին մասնակցելուն հարկադրելը կարող է դրսևորվել տարբեր ձևերով՝ բռնություն կիրառելով, բռնություն կիրառելու սպառնալիքի ձևով, գույքը վնասելով։ Հավաքներին մասնակցելուն հարկադրելը կարող է դրսևորվել նաև գործատուի կողմից իր աշխատողներին աշխատանքից ազատելու սպառնալիքի ձևով կամ դրա մասին ուղղակի ակնարկելով։ Հավաքներին մասնակցելու կամ, հակառակը, հավաքներին չմասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը, օրինակ՝ դրամ կամ ծառայություն խոստանալը կամ տալը, նույնպես առաջացնում է քրեական պատասխանատվություն։ Մասնավորապես՝ եթե Ձեզ գումար են առաջարկում հավաքին մասնակցելու նպատակով, ապա այդ արարքը գումար առաջարկողի համար առաջացնում է քրեական պատասխանատվություն։

Հավաքներին մասնակցելու կամ հավաքներ կազմակերպելու իրավունքի հետ կապված խախտումների համար քրեական պատասխանատվությունը նախատեսված է Քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածով՝ որպես պատիժ նախատեսելով տուգանքը կամ ազատազրկումը։ Այս արարքներն առավել խիստ են պատժվում, եթե կատարվում են նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կամ կատարվում են պաշտոնատար անձանց կողմից իրենց ենթակաների նկատմամբ։

Եթե որևէ եղանակով խախտում են Ձեր՝ հավաքների ազատության իրավունքը, այդ թվում՝ Ձեզ հարկադրում են մասնակցել հավաքներին, ապա հանցագործության մասին կարող եք ահազանգել ոստիկանության թեժ գծի հեռախոսահամարով՝ զանգահարելով 1-02, և հայտնել հանցագործության դեպքի մասին։ Հանցագործության մասին կարող եք հայտնել նաև անձամբ՝ ներկայանալով ոստիկանության տարածքային բաժին, և այնտեղ հերթապահող հետաքննիչին հայտնել կատարված կամ նախապատրաստվող հանցագործության մասին։ Զանգահարելու դեպքում ոստիկանությունում գրանցվում է ահազանգ դեպքի մասին, որից հետո հերթապահող ոստիկանության աշխատակիցները անհապաղ ներկայանում են դեպքի վայր՝  տեղում պարզելու դեպքի հանգամանքները։ Դրանից հետո Ձեզ կհրավիրեն ոստիկանություն՝ Ձեզնից հաղորդում ընդունելու նպատակով։ Երկու դեպքում էլ կազմվում է հանցագործության վերաբերյալ հաղորդման թերթիկ, որից հետո Ձեզ կտրամադրեն հաղորդում ներկայացրած լինելը հավաստող արձանագրության մեկ օրինակ։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո0
Ոչ0