Ականատես եք եղել ընտրական հանցագործության․ ի՞նչ անեմ և ու՞մ դիմեմ

Ընտրություններ

Ականատես եք եղել ընտրական հանցագործության․ ի՞նչ անեմ և ու՞մ դիմեմ

Նախընտրական շրջանում ընտրական հանցագործությունների մասին անանուն ազդարարելու համար կարող եք լրացնել հետևյալ ձևանմուշը։

Ընտրական իրավունքի դեմ ուղղված հանցագործությունները նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 149-154.9-րդ հոդվածներով։ Քրեական օրենսգրքով պատասխանատվություն է նախատեսված, օրինակ, քաղաքացու ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու (օրինակ՝ քվեարկելուն խոչընդոտելը), նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու, քվեարկության օրը տեղամասային կենտրոնում կամ դրան հարող տարածքում բռնություն կիրառելու կամ դրա սպառնալիքի համար, ընտրակաշառք տալու, ստանալու կամ ընտրակաշառքի միջնորդության համար,  ընտրությունների ժամանակահատվածում բարեգործության արգելքը խախտելու, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու, զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելու համար և այլն։ Այդ հանցագործությունները, որպես կանոն, կատարվում են ընտրությունները նշանակելուց հետո մինչև քվեարկության օրն ընկած ժամանակահատվածում։ Ընդ որում, ընտրական իրավունքի դեմ ուղղված հանցագործությունները կարող են կատարվել ինչպես քվեարկության օրն ընտրական տեղամասում կամ դրան հարող տարածքում, այնպես էլ այլ վայրում։

Եթե հանցագործությանն ականատես եք եղել քվեարկության օրն ընտրական տեղամասում, ապա անհրաժեշտ է այդ մասին տեղյակ պահել հանձնաժողովի նախագահին՝ խնդրելով հրավիրել այդ ընտրական տեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանին։ Ոստիկանին անհրաժեշտ է ներկայացնել հանցագործության մասին հաղորդում՝ նշելով հանցագործություն համարվող դեպքի մասին և բնութագրելով հնարավոր հանցագործություն կատարած անձին։ Հանցագործության մասին հաղորդումը կարող է լինել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր։ Հաղորդման մասին կազմվում է արձանագրություն, որը պետք է ստորագրվի Ձեր և հաղորդումը վերցնող ոստիկանի կողմից։

Եթե հանձնաժողովի նախագահը հրաժարվում է հրավիրել ոստիկանին, ապա հանցագործության մասին կարող եք տեղեկացնել տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին՝ նշելով, թե որ ընտրական տեղամասում է տեղի ունեցել դեպքը։ Տարածքային ընտրական հանձնաժողովների վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հանցագործության մասին կարող եք ահազանգել նաև ոստիկանության թեժ գծի հեռախոսահամարով՝ զանգահարելով 1-02, և հայտնել հանցագործության դեպքի մասին՝ նշելով ընտրական տեղամասի համարը։ Ընտրական տեղամասի համարը կարող եք որոնել և գտնել այստեղ։ Ոստիկանություն (1-02 թեժ գծի հեռախոսահամարով) կարող եք ահազանգել նաև այն դեպքերում, երբ հանցագործությունը տեղի է ունեցել ոչ քվեարկության օրը և ոչ տեղամասային կենտրոնում կամ դրան հարող տարածքում, օրինակ՝ կաշառք տալու, ստանալու, կաշառքի միջնորդության կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու դեպքերում, կամ պարզապես հանցագործության մասին ցանկացել եք բարձրաձայնել հետագայում։

Հանցագործության մասին կարող եք տեղեկացնել նաև տեղամասային կենտրոնում գտնվող դիտորդներին և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, որոնք կարող են բարձրաձայնել այդ մասին, ինչպես նաև աջակցել Ձեզ հետագա քայլերում։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո2
Ոչ0