Ի՞նչ անեմ և ու՞մ դիմեմ, եթե ինձ ստիպում են նախընտրական քարոզչություն անել, ցուցակներ կազմել

Ընտրություններ

Ի՞նչ անեմ և ու՞մ դիմեմ, եթե ինձ ստիպում են նախընտրական քարոզչություն անել, ցուցակներ կազմել

Նախընտրական շրջանում ընտրական հանցագործությունների մասին անանուն ազդարարելու համար կարող եք լրացնել հետևյալ ձևանմուշը։

Նախընտրական ժամանակահատվածում կատարվող հանցագործություններից է նախընտրական քարոզչություն կատարելուն հարկադրելը։ Ընդհանուր բնորոշմամբ, նախընտրական քարոզչություն է համարվում այն գործողությունը, որը նպատակ ունի համոզելու ընտրողներին քվեարկելու որոշակի թեկնածուի կամ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին։

Քրեական օրենսգրքի 149.1-ին հոդվածով պատասխանատվություն է նախատեսված նախընտրական քարոզչություն կատարելուն հարկադրելու համար։ Նախընտրական քարոզչություն կատարելուն հարկադրելը կարող է դրսևորվել, օրինակ, որոշակի թեկնածուի կամ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին քվեարկելուն ուղղված քարոզչություն կատարելուն հարկադրելով, օրինակ՝ ելույթներ ունենալու կամ ընտրողներին այցելելու և քարոզելու
ձևով։ Անձին կարող է հարկադրվել նաև մասնակցել նախընտրական քարոզչության նախապատրաստական աշխատանքներին։ Քարոզչություն կատարելուն հարկադրելու եղանակ է նաև որևէ թեկնածուի կամ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին կողմ քվեարկող հավանական ընտրողների ցուցակներ կազմելուն հարկադրելը։ Նման դեպքերում անձը սովորաբար վստահեցնում է, որ իր կողմից կազմված ցուցակում ընդգրկված անձինք մասնակցելու են ընտրություններին և քվեարկելու են տվյալ թեկնածուի կամ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին։ Բնականաբար, նման դեպքերին նախորդում է նաև այդ ցուցակում ընդգրկվելիք անձանց՝ որոշակի թեկնածուի կամ կուսակցության օգտին քվեարկել համոզելը, որն էլ, իր հերթին, համարվում է նախընտրական քարոզչություն։

Նախընտրական քարոզչություն կատարելու հարկադրանքը կարող է դրսևորվել տարբեր ձևերով՝ բռնություն կիրառելով, բռնություն կիրառելու սպառնալիքի ձևով, գույքը վնասելով,  գործատուի կողմից իր աշխատողներին աշխատանքից ազատելու սպառնալիքի ձևով և այլն։

Հանցագործությունը կարող է կատարվել ինչպես թեկնածուների, այնպես էլ այլ շահագրգիռ անձանց, ներառյալ՝ կուսակցության անդամների կողմից։

Առավել խիստ պատասխանատվություն է նախատեսված նախընտրական քարոզչություն կատարելուն հարկադրելու այն դեպքերի համար, երբ արարքը կատարվել է գործատուի կողմից իր ենթակաների նկատմամբ կամ պաշտոնատար անձի կողմից իր ենթակայությամբ գտնվող անձանց նկատմամբ կամ բռնության կամ դրա սպառնալիքի միջոցով կամ զուգորդվել է անձին ազատությունից զրկելով։

Նախընտրական քարոզչություն կատարելուն հարկադրելու համար որպես պատիժ նախատեսված է տուգանք 700,000-1,000,000 դրամի չափով կամ ազատազրկում՝ ընդհուպ մինչև վեց տարի ժամկետով։

Եթե որևէ եղանակով Ձեզ հարկադրում են իրականացնել նախընտրական քարոզչություն, այդ թվում՝ Ձեզ հարկադրում են կազմել ընտրություններին մասնակցող և կողմ քվեարկող ընտրողների ցուցակներ, ապա հանցագործության մասին կարող եք ահազանգել ոստիկանության թեժ գծի հեռախոսահամարով՝ զանգահարելով 1-02, և հայտնել հանցագործության դեպքի մասին։ Հանցագործության մասին կարող եք հայտնել նաև անձամբ՝ ներկայանալով ոստիկանության տարածքային բաժին և այնտեղ հերթապահող հետաքննիչին հայտնել կատարված կամ նախապատրաստվող հանցագործության մասին։ Զանգահարելու դեպքում ոստիկանությունում գրանցվում է ահազանգ դեպքի մասին, որից հետո հերթապահող ոստիկանության աշխատակիցները անհապաղ ներկայանում են դեպքի վայր՝  տեղում պարզելու դեպքի հանգամանքները։ Դրանից հետո Ձեզ կհրավիրեն ոստիկանություն՝ Ձեզնից հաղորդում ընդունելու նպատակով։ Երկու դեպքում էլ կազմվում է հանցագործության վերաբերյալ հաղորդման թերթիկ, որից հետո Ձեզ կտրամադրեն հաղորդում ներկայացրած լինելը հավաստող արձանագրության մեկ օրինակ։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո1
Ոչ0