Ոստիկանն ասում է, որ պետք է տուգանի ինձ դիմակ չկրելու համար։ Որո՞նք են իմ իրավունքները, ի՞նչ կարող եմ անել

Կորոնավիրուս

Ոստիկանն ասում է, որ պետք է տուգանի ինձ դիմակ չկրելու համար։ Որո՞նք են իմ իրավունքները, ի՞նչ կարող եմ անել

Ոստիկանը համարվում է այն անձը, որն իրավասու է, որպես վարչական մարմին, իրականացնել հակահամաճարակային կանոնների խախտումները արձանագրելու և քաղաքացիներին վարչական պատասխանատվության ենթարկելու գործողությունները։

Ոստիկանը Ձեզ մոտենալուց հետո պարտավոր է նախ ներկայանալ, որից հետ հայտնել վարչական վարույթ իրականացնելու հիմքերը և պատճառները։ Դա հայտնելուց հետո ոստիկանը պետք է կազմի արձանագրություն՝ իր նկատած իրավախախտման վերաբերյալ։ Մինչ այդ, ոստիկանը պարտավոր է բացատրել Ձեր իրավունքներն ու պարտականությունները, որոնք սահմանված են ՀՀ վարչական իրավա­խախ­տումների մասին ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով։

Մասնավորապես, ոստիկանի մոտենալուց հետո, տեղեկանալով, որ վերջինս ցանկանում է վարչական իրավախախտման արձանագրություն կազմել և տուգանել Ձեզ, Դուք իրավունք ունեք ծանոթանալ գործի նյութերին, բացատրություններ տալ ոստիկանին՝ բանավոր կամ գրավոր, ապացույցներ ներկայացնել, միջնորդություններ հարուցել և գործի քննության ընթացքում օգտվել փաստաբանի իրավաբանական օգնությունից:

Ոստիկանը Ձեր իրավունքները բացատրելուց հետո միայն իրավունք ունի պահանջելու, որ Դուք ստորագրեք արձանագրության մեջ այն հատվածը, որով Դուք հաստատում եք, որ ոստիկանը Ձեզ բացատրել է Ձեր իրավունքներն ու պարտականությունները։ Իսկ եթե չի բացատրել, ապա կարող եք պահանջել ոստիկանից, որ նա մանրամասն պարզաբանի Ձեր իրավունքներն ու պարտականությունները, որի չկատարման դեպքում՝ իրավունք ունեք հրաժարվել այն ստորագրելուց կամ ստորագրելու փոխարեն կատարել նշում, որ ոստիկանը Ձեզ չի պարզաբանել Ձեր իրավունքներն ու պարտականությունները։

Դուք իրավունք ունեք նաև լռություն ցուցաբերել, այդ թվում՝ ոստիկանին չհայտնել Ձեր վերաբերյալ անձնական տվյալները, Ձեր անունը, ազգանունը և այլ տվյալները, սակայն այս դեպքում պետք է նկատի ունենաք, որ ոստիկանը Ձեր անձը պարզելու նպատակով իրավունք ունի Ձեզ հրավիրելու ոստիկանության բաժին, իսկ հրաժարվելու դեպքում՝ Ձեզ բերման ենթարկել բաժին։

Բաժին բերման ենթարկվելու դեպքում պետք է իմանալ, որ ոստիկաններն իրավունք ունեն Ձեզ բաժնում պահել ոչ ավել, քան երեք ժամ, որի ժամանակ կրկին Դուք իրավունք ունեք ոստիկանին չհայտնել Ձեր անձի մասին տվյալներ, և երեք ժամը լրանալու պահից Ձեզ պետք է բաց թողնեն, եթե չեն կարողացել պարզել Ձեր անձը։

Եթե ոստիկանը կազմել է արձանագրությունը, ապա դրանում ազատ ոճով իրավունք ունեք մանրամասն նշել Ձեր բացատրությունները, առարկությունները, իրավունք ունեք վկայակոչելու վկաների, որոնք կհաստատեն Ձեր խոսքերը, ներկայացնելու ապացույցներ, որոնք կհաստատեն Ձեր կողմից խախտում կատարած չլինելու մասին, իրավունք ունեք չստորագրելու արձանագրությունը և խնդրել ոստիկանին, որ վերջինս կայացվելիք որոշումը ուղարկի Ձեզ փոստային ծառայության միջոցով։ Որոշումը ստանալուց հետո իրավունք ունեք այն բողոքարկել ՀՀ ոստիկանության պետի անունով ստանալու պահից մեկամսյա ժամկետում կամ դատարան՝ երկամսյա ժամկետում։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո173
Ոչ18