Ի՞նչ անել և ու՞մ դիմել, երբ գործատուն պահանջում է թեստավորվել, բայց չի փոխհատուցում դրա գումարը

Կորոնավիրուս

Ի՞նչ անել և ու՞մ դիմել, երբ գործատուն պահանջում է թեստավորվել, բայց չի փոխհատուցում դրա գումարը

Հարկ է արձանագրել, որ կորոնավիրուսի վերաբերյալ թեստավորում անցնելու անհրաժեշտություն առաջանում է միայն այն դեպքում, երբ Ձեր առողջական վիճակում նկատվում են փոփոխություններ, առաջանում են համապատասխան ախտանիշներ՝ ջերմություն, հազ, թուլություն և այլն։

Եթե այս ախտանշաններն արտահայտված չեն, ապա թեստավորում անցնելու պարտադիր պայման սահման­ված չէ ՀՀ օրենսդրությամբ։ Գործատուն, աշխատանքի առանձնահատկություններով պայմանա­վորված, կարող է պահանջել, որ աշխատողը թեստավորվի, սակայն դա չպետք է բացասական անդրադառնա աշխատողի վրա և առաջացնի լրացուցիչ ծախսեր կամ ֆինանսական դժվարու­թյուններ։

Եթե աշխատողը համաձայն չէ թեստավորում անցնել իր հաշվին և իր առողջության վերա­բերյալ առկա չեն համապատասխան ախտանիշներ, ապա աշխատողն իրավունք ունի հրաժարվել գործատուի այդ պահանջը կատարելուց կամ համաձայնի՝ պայմանով, որ թեստավորման ծախսերը պետք է փոխհատուցի գործատուն։ ՀՀ աշխատանքային օրենսդրությունը չի սահմանում աշխատողի համար որևէ պարտականություն այն դեպքերի վերաբերյալ, երբ գործատուն ուղղակի ցանկանում է, որ թեստավորում անցի աշխատողը։

Այլ իրավիճակ է, երբ գործատուն հայտնում է, որ իր աշխատակիցներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուս, և Դուք շփում եք ունեցել այդ աշխատակցի հետ, և այս պայմաններում պահանջում է թեստավորվել։ Այս դեպքում, սակայն, Դուք իրավասու եք գործատուից պահանջել, որ վերջինս փոխհատուցի թեստավորման համար համապատասխան վճարումների կատա­րումը։

Եթե Ձեր հաշվին թեստավորվելու գործատու պահանջի չկատարման պայմաններում գործատուն արգելում է Ձեզ աշխատանքի ներկայանալ կամ կատարել Ձեր աշխատանքը, ապա այդ դեպքում կարող եք գրավոր դիմում ներկայացնել գործատուին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչ պատճառով է պահանջում թեստավորում անցնելը, որ իրավական նորմերով է հիմնավորվում այդ պահանջը և ինչու պետք է այդ թեստավորումն անցնեք Ձեր հաշվին։ Ավելին, դիմումով կարող եք հայտնել, որ ցանկանում եք կատարել Ձեր աշխատանքը, սակայն գործատուն անհիմն պատճառներով խոչընդո­տում է։ Եթե Ձեր դիմումին գործատուն հիմնավոր պատասխան չտրամադրի, ապա Դուք կհայտնվեք ոչ Ձեր մեղքով հարկադիր պարապուրդում, իսկ գործատուն պարտավոր կլինի վճարել պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար։ Վճարումը չկատարելու դեպքում կարող եք բռնագանձել այն դատական կարգով։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո131
Ոչ8