Մանրամասներ բալային համակարգի վերաբերյալ

Ճանապարհային ոստիկանություն

Մանրամասներ բալային համակարգի վերաբերյալ

2020 թվականի հունվարի 1-ից գործում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում կիրառվող տուգանային բալերի համակարգը։ Ըստ այդմ, վարորդական վկայական ունեցող յուրաքանչյուր քաղաքացու մեկ տարվա ընթացքում տրամադրվում է 9 բալ, որոնք սպառելուց հետո վարորդը կարող է կորցնել վարորդական իրավունքները վեց ամսով։ Կախված վարչական իրավախախտման հանրային վնասակարության աստիճանից, քանակից, զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ կամ նպաստող պայման հանդիսանալու հանգամանքից՝ կիրառվում են 0․5, 1, 2, 3 կամ 4 տուգանային միավորներ։ Ընդ որում, նախորդ տարվա միավորների մնացորդը չի փոխանցվում հաջորդ տարվա համար տրամադրվող 9 բալերին։ Հարկ է նշել նաև, որ բալային համակարգին զուգահեռ՝ շարունակում են գործել տուգանքները։

Բացի սա, պարբերաբար տուգանային միավորի ձևով վարչական տույժ ենթադրող խախտումներ կատարելն առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում` 6 ամիս ժամկետով: Վարելու իրավունքի կասեցման ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին նման խախտումներ կատարելն առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 1 տարի ժամկետով: Պարբերաբար խախտումը համարվում է 1 տարվա ընթացքում 3 և ավելի անգամ իրավախախտումներ կատարելը, որոնց համար կիրառված տուգանային միավորների հանրագումարը կազմում է 9 տուգանային միավոր:

Տվյալ տարում տրված միավորների մնացորդը 3 և պակաս լինելու դեպքում անձն իր ցանկությամբ կարող է հանձնել վարորդական վկայական ստանալու տեսական քննություն, որը դրական հանձնելու դեպքում տվյալ տարում նվազեցված միավորներից վերականգնվում է 2 միավոր։ Այս հնարավորությունից վարորդները կարող են օգտվել տարին մեկ անգամ։

Վարորդները պետք է ուշադիր լինեն, որ վարչական տույժ նշանակելու մասին որոշումն ի կատար են ածում ոստիկանության պաշտոնատար անձինք` վարչական իրավախախտումների հաշվառման շտեմարանում տուգանային միավորների չափի մասին տեղեկատվությունը մուտքագրելու միջոցով, ինչպես նաև այդ որոշման մեջ պարտադիր նշվում է անձին տվյալ տարում տրված միավորների մնացորդի չափը։ Յուրաքանչյուր վարորդ կարող է ստուգել իր մնացորդային բալերի չափը՝ այցելելով www.roadpolice.am կայքը և լրացնելով համապատասխան դաշտերը։ Բալային համակարգի վերաբերյալ ավելի մանրամասն իմանալու համար կարող եք դիտել Ճանապարհային ոստիկանության հետևյալ տեսանյութը։

Մանրամասն տեղեկանալ խախտումների մասին, որոնց կատարման դեպքում նախատեսված է բալերի նվազեցում, կարող եք այստեղ։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո179
Ոչ141