Դատարանից գրություն եմ ստացել, որ բանկն ինձ դատի է տվել վարկը չմարելու համար, և կից ուղարկել են հայցադիմում վերնագրով փաստաթուղթ. ի՞նչ անել և ո՞ւմ դիմել

Դատարաններ

Դատարանից գրություն եմ ստացել, որ բանկն ինձ դատի է տվել վարկը չմարելու համար, և կից ուղարկել են հայցադիմում վերնագրով փաստաթուղթ. ի՞նչ անել և ո՞ւմ դիմել

Հայցադիմումը բանկի կողմից կազմված այն փաստաթուղթն է, որով ներկայացրել են իրենց պահանջները դատարանին ընդդեմ Ձեզ։ Հայցադիմումի մեջ հստակ նշված է, թե  ըստ բանկի՝ որքան է կազմում պարտքի գումարը, ինչպես է այն գոյացել և ինչ հիմքով է բանկը ցանկանում այն բռնագանձել Ձեզանից։ Ստանալով դատարանի որոշումը՝ այդ պահից սկսած երկշաբաթյա ժամկետում Դուք իրավունք ունեք դատարանին ներկայացնել հայցադիմումի պատասխան, որի մեջ պետք է մանրամասն շարադրեք, թե ինչու եք առարկում բանկի պահանջների դեմ։

Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր, որը պետք է լինի ընթեռնելի։ Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`

1) դատարանի անվանումը, որին ներկայացվել է հայցադիմումը,

2) գործի համարը,

3) Ձեր անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) հասցեից), Ձեր անձնագրային տվյալները,

4) գործին մասնակցող այլ անձանց անունը (անվանումը),

5) բանկի կողմից ներկայացված պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին դիրքորոշումը,

6) բանկի կողմից հայցի փաստական հիմքերի վերաբերյալ դիրքորոշումը,

7) Ձեր պատասխանի (առարկությունների) հիմքում դրված փաստերը,

8) հայցադիմումի պատասխանին կից ներկայացվող փաստաթղթերի և ապացույցների ցանկը:

Հայցադիմումի պատասխանում կարող եք նշել նաև՝

1) այն օրենքներն ու հոդվածները, որոնք, ըստ Ձեզ, պետք է կիրառվեն,

2) այն ապացույցները, որոնք հաստատում են Ձեր առարկությունների հիմքում դրված փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե որ ապացույցն ինչ փաստի հաստատմանն է ուղղված,

3) Ձեր միջնորդությունները,

4) այլ տեղեկություններ, որոնք, ըստ Ձեզ, նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար։

Հայցադիմումի պատասխանը պետք է ստորագրեք Դուք կամ Ձեր ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը և անձը հաստատող փաստաթղթի պատճեն: Հայցադիմումի պատասխանին կցվում են հայցադիմումի պատասխանը, կից ներկայացվող փաստաթղթերը և ապացույցները բանկին և գործին մասնակցող մյուս անձանց ուղարկելը հավաստող փոստային անդորրագրերը:

Հայցադիմումի պատասխանի ձևը կարող եք ներբեռնել այստեղից:

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո12
Ոչ0