Ինձ դատարան են կանչել որպես վկա, բայց ես չգիտեմ ինչպես պահել ինձ այնտեղ

Դատարաններ

Ինձ դատարան են կանչել որպես վկա, բայց ես չգիտեմ ինչպես պահել ինձ այնտեղ

Որպես վկա Դուք դատարան կարող եք ներկայանալ միայն այն դեքում, երբ դատարանը ձեզ ծանուցագիր է ուղարկել, որտեղ մանրամասն տեղեկություններ են ներկայացված այն գործի, հանգամանքների վերաբերյալ, որի կապակցությամբ ձեզ հրավիրում են դատարան։

Անհրաժեշտ է ուշադիր կարդալ դատարանի կողմից Ձեզ ուղարկված նամակ-ծանուցագիրը, որը վերնագրված է «դատական ծանուցագիր»։

Ծանուցագրի մեջ նշվում է դատական գործի համարը, որը բաղկացած է հայերեն տառերից և թվերից, որոնք միմյանցից տարանջատված են թեք գծերով, օրինակ՝ ԵԴ/0002/02/17։ Տառերը նշանակում են, թե որ դատարանն է քննում գործը, հաջորդ գծերի մեջ գրված թվերը գործի հերթական համարն են, իսկ հաջորդ գծից հետո գրված թիվը ցույց է տալիս, թե ինչ բնույթի է գործը (թվերն ունեն հետևյալ նշանակությունը՝ /01/-քրեական գործ, /02/-քաղաքացիական գործ, /04/-սնանկության գործ, /05/-վարչական գործ և այլն): Վերջին թիվը ցույց է տալիս, թե որ թվականին է հարուցվել տվյալ գործը։ Նամակ-ծանուցագրում նշված գործի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ նաև կայքում՝ համապատասխան դաշտում գրելով գործի համարը և սեղմելով «որոնում»։

Այնտեղ նշված են տվյալներ, թե ում մասնակցությամբ է քննվում գործը, ինչ պահանջով, որը հնարավորություն կտա հասկանալ, թե ինչի վերաբերյալ են կողմերը կամ դատարանը Ձեզ հարցեր տալու։

Դուք դատարանում հայտնելու եք միայն այն տեղեկությունները, որոնք Ձեզ հայտնի են տվյալ դեպքի և հանգամանքների վերաբերյալ։

Անհրաժեշտ է իմանալ նաև, որ վկայի ցուցմունքը դատարանում հանդիսանում է ապացույցի տեսակ, և եթե Ձեզ կոնկրետ գործով հրավիրել են դատարան՝ որպես վկա, ապա դա նշանակում է, որ դատավարության մասնակիցները դատարանին տեղեկացրել են, որ Դուք գործի քննության համար կարևոր տեղեկությունների եք տիրապետում։

Դատական ծանուցագրի մեջ նշված է դատարանի կոնկրետ հասցեն, դատական նիստերի դահլիճի համարը, դատավորի անուն-ազգանունը, դատարան ներկայանալու կոնկրետ օրը և ժամը։

Դատարան պետք է ներկայանալ անձնագրով։ Դատարան մտնելիս դատական կարգադրիչներին (համազգեստով աշխատողներին) տեղեկացրեք, որ Ձեզ հրավիրել են դատարան որպես վկա՝ ցույց տալով դատական ծանուցագիրը և խնդրելով ուղեկցել դեպի դատական նիստերի դահլիճ։

Դատական նիստերի դահլիճի կենտրոնում գտնվում է դատավորը, նրա կողքին՝ նիստերի քարտուղարը, որն արձանագրում է նիստի ընթացքը։

Դահլիճի աջ և ձախ հատվածներում նստում են դատավարության մասնակիցները։

Որպես վկա հարցեր տալու համար դատավորը հրավիրում է Ձեզ մոտենալ նիստերի դահլիճի  կենտրոնում տեղադրված ամբիոնի մոտ։

Դուք պետք է դատավորանին տրամադրեք Ձեր անձնագիրը, որից հետո ներկայանաք՝ հայտնելով անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, բնակության հասցեն և աշխատանքի վայրը։ Դատավորը Ձեզ կնախազգուշացնի, որ սուտ կամ կեղծ ցուցմունք տալու, ցուցմունք տալուց հրաժարվելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն, կպարզաբանի, որ իրավունք ունեք հրաժարվել ցուցմունք տալ Ձեր կամ Ձեր ամուսնու, ընտանիքի անդամների վերաբերյալ։ Այնուհետև Դուք պետք է մոտենաք դատական նիստերի քարտուղարին՝ ստորագրելու նախազգուշացումը։

Մինչը տվյալ գործի հանգամանքների վերաբերյալ Ձեզ հարցեր տալը դատարանը հարցնելու է, թե արդյո՞ք ճանաչում եք դատավարության մասնակիցներին, թշնամություն կամ բարեկամություն ունե՞ք նրանց հետ, թե՞ ոչ։

Դուք կարող եք

1) պատմել, թե ինչ է Ձեզ հայտնի այն գործի մասին, որի համար կանչվել եք դատարան (դատարանը նախապես կհայտնի Ձեզ, թե ինչի համար է Ձեզ կանչել դատարան),

2) պատասխանել Ձեզ առաջադրվող հարցերին։

Եթե առաջադրված հարցը Ձեզ համար հասկանալի չէ, ապա կարող եք դատարանից խնդրել ավելի կոնկրետացնել հարցը կամ պարզաբանել այն։ Եթե չեք հիշում ինչ-որ փաստեր կամ իրադարձություններ, որոնց մասին դատարանը Ձեզ հարցեր է տալիս, ապա կարող եք ազատորեն ասել, որ չեք հիշում։

Առաջինը հարցեր տալու իրավունք ունի այն կողմը, ում խնդրանքով  Ձեզ հրավիրել են դատարան  որպես վկա, իսկ այնուհետև դատավարության մյուս մասնակիցները, իսկ վերջում էլ՝ դատարանը։ Հարցաքննությունն ավարտելուց հետո կարող եք լքել դատական նիստերի դահլիճը և հեռանալ դատարանից կամ մնալ և լսել դատավարությունը։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո43
Ոչ0