Աշխատավայրում վճարում եմ դրոշմանիշային գումար (1000 դրամ բանակի համար), բայց վճարում եմ նաև որպես Ա/Ձ․ ինչպե՞ս կարող եմ հետ ստանալ ավել վճարած գումարները
Դրոշմանիշային վճար վճարող քաղաքացիները կարող են պահանջել հետ վերադարձնել նախորդ տարվա ընթացքում վճարված դրոշմանիշային վճարները, եթե միաժամանակ աշխատում են աշխատանքային պայմանագրով և հանդիսանում են անհատ ձեռնարկատեր, և նրանցից գանձվել է կրկնակի դրոշմանիշային վճար։
Ա/Ձ չհանդիսացող քաղաքացիները դրոշմանիշային ավել վճարված գումարները հետ վերադարձնելու դիմումը և փաստաթղթերը «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ» պետք է ներկայացնեն սկսած հունվար ամսից մինչև փետրվարի 28-ը: Իսկ եթե անձը հանդիսանում է Ա/Ձ, ապա կարող է դիմումը և փաստաթղթերը ներկայացնել Հիմնադրամ մինչև հաջորդ տարվա ապրիլի 30-ը:
Դրոշմանիշային ավել վճարված գումարների վերադարձի համար «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ» կարող եք դիմել․
1․ էլեկտրոնային եղանակով՝ այցելելով www.1000plus.am կայք,
2․ փոստով՝ ուղարկելով դիմումը և փաստաթղթերը ք. Երևան Վ. Սարգսյան 6, 0010 հասցով,
3․ կամ անձամբ այցելելով ՀՀ կենտրոնական բանկ՝ Դեղատան փողոցի մուտքից, և մուտքագրելով դիմումները և փաստաթղթերը:
Բոլոր երեք դեպքերի համար առկա է մեկ միասնական ԴԻՄՈՒՄ (եթե դիմել եք էլեկտրոնային եղանակով, ապա Ձեր կողմից լրացված տվյալները հանդիսանում են Ձեր դիմումը):
Հիմնադրամ պետք է ներկայացնել.
1․ սահմանված ձևի լրացված դիմում՝ ուղղված Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանին (դիմումի ձևը կարող եք ներբեռնել այստեղից),
2․ Ձեր անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
3․ ՊԵԿ-ից ստացված տեղեկանք նախորդ տարում վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին (Ձև 4 տեղեկանք),
4․ Ձեր յուրաքանչյուր գործատուից ստացված տեղեկանք առ այն, որ դրոշմանիշային վճարները պահվել են հենց Ձեզանից:
Ձեր դիմումի հետ միասին հիմնադրամին կարող եք տրամադրել Ձեր բանկային այն հաշվեհամարը, որին ցանկանում եք, որ հետ փոխանցվի ավել վճարված դրոշմանիշային վճարը։
ՊԵԿ-ից տեղեկանք ստանալու համար պետք է դիմել որևէ տարածքային ստորաբաժանում՝ ներկայացնելով.
1․ ձեր անձը հաստատող փաստաթուղթ,
2․ ձեր հանրային ծառայության համարանիշը (եթե չունեք՝ չունենալու մասին տեղեկանք)։
Հիմնադրամի մասին ավելի մանրամասն տեղեկությունների կարող եք ծանոթանալ այստեղ։