Ուզում եմ սկսել բիզնես, բայց չեմ ուզում խնդիրներ ունենալ հարկայինի հետ: Ինչի՞ց սկսեմ և ո՞ւմ դիմեմ

Հարկային եւ մաքսային ծառայություններ

Ուզում եմ սկսել բիզնես, բայց չեմ ուզում խնդիրներ ունենալ հարկայինի հետ: Ինչի՞ց սկսեմ և ո՞ւմ դիմեմ

Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով, նախ, անհրաժեշտ է  որոշել՝ գրանցվել որպես անհատ ձեռնարկատե՞ր, թե՞ հիմնադրել նոր ընկերություն։ Այս երկուսի հիմնական տարբերությունները կայանում են նրանում, որ Ա/Ձ-ի դեպքում Դուք Ձեր պարտավորությունների համար պատասխանատվություն եք կրում Ձեզ պատկանող ամբողջ գույքով, իսկ ՍՊԸ-ի դեպքում՝ պատասխանատվություն է կրում ՍՊԸ-ն այն գույքով, որը պատկանում է ընկերությանը։ Իսկ ընկերությունն էլ, իր հերթին, պատասխանատվություն չի կրում իր մասնակիցների պարտավորությունների համար։

Եթե նախատեսում եք ձեռնարկել փոքրածավալ բիզնես, ապա Ձեզ համար ավելի նպատակահարմար կլինի ծավալել այն Ա/Ձ հաշվառվելով, որի համար Ձեզ անհրաժեշտ է միայն անձնագրով և սոցիալական քարտով, իսկ նույնականացման քարտ ունենալու դեպքում՝ միայն նույնականացման քարտով ներկայանալ Իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի գործակալություն՝ ք․ Երևան, Կոմիտասի պողոտա, 49/3 հասցեով (մարզերի դեպքում՝ հասցեները կարող եք գտնել հետևյալ հղումով)։ Ներկայանալով գործակալություն՝ անհրաժեշտ է տեղում վճարել 3300 ՀՀ դրամ գումար, որից 3000 ՀՀ դրամը՝ որպես պետական տուրք, իսկ 300 ՀՀ դրամը՝ միջնորդավճար։ Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառումը կատարվում է տեղում, և տեղում Ձեզ կտրամադրեն համապատասխան քաղվածք, որում նշված կլինեն Ձեր Ա/Ձ-ի վերաբրյալ բոլոր մանրամասները, այդ թվում՝ հարկային կոդը՝ ՀՎՀՀ-ն։

Իսկ ՍՊԸ գրանցելու նպատակով անհրաժեշտ է կազմել մի շարք փաստաթղթեր՝ հիմնադիր ժողովի որոշում, կանոնադրություն, ներկայացնել շահառուի հայտարարություն, որոնց օրինակները կարող եք ներբեռնել հետրևյալ հղումով։

Որպես Ա/Ձ հաշվառվելուց և ՍՊԸ գրանցելուց հետո անհրաժեշտ է որոշել, թե կոնկրետ ինչ գործունեությամբ պետք է զբաղվեք, և կախված դրանից՝ որոշվելու է այն հարկատեսակը, որով պետք է գործեք և կատարեք վճարումներ։ Եթե, օրինակ, ցանկանում եք մատուցել ծառայություններ, ապա կարող եք աշխատել շրջանառության հարկով, որի համար էլ Ա/Ձ հաշվառվելու կամ ՍՊԸ գրանցելու պահից 20-օրյա ժամկետում պետք է համապատասխան հայտ ներկայացնեք հայկային ծառայություն՝ շրջանառության հարկով աշխատելու համար։ Իսկ հարկային հաշվետվություններ ուղարկելու համար պետք է պարտադիր ունենաք նույնականացման քարտ, քանի որ առանց նույնականացման քարտի չեք կարողանա էլեկտրոնային կարգով ներկայացնել հաշվետվություն։ Այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում Ա/Ձ հաշվառվել կամ ՍՊԸ գրանցել Ձեր նույնականացման տվյալներով։

Նույնականացման քարտ ստանալու համար էլ անհրաժեշտ է անձնագրով, իսկ արական սեռի ներկայացուցիչների դեպքում՝ նաև զինվորական գրքույկով, ներկայանալ անձնագրային բաժին, վճարել 3300 ՀՀ դրամ։ Նույնականացման քարտը հարկային հաշվետվությունների նպատակով օգտագործելու համար անհրաժեշտ է մոտենալ ցանկացած վճարային տերմինալի, սեղմել e-keng պատուհանի վրա, լրացնել անհրաժեշտ դաշտերը, կատարել վճարումը։ Հետագայում էլ հարկային հաշվետվություններ ուղարկելու նպատակով Ձեր նույնականացման քարտով բոլոր հաշվետվությունները կներկայացնի հաշվապահը՝ համապատասխան սարքով։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո165
Ոչ6