Ամուսնուս սպանության գործով ես ներգրավված եմ որպես իրավահաջորդ, բայց ինձ չեն հարցաքննում, իսկ հանցագործներին մեղադրանք չի առաջադրվում․ ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Քննչական մարմիններ

Ամուսնուս սպանության գործով ես ներգրավված եմ որպես իրավահաջորդ, բայց ինձ չեն հարցաքննում, իսկ հանցագործներին մեղադրանք չի առաջադրվում․ ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Անձը կարող է քրեական գործում ներգրավվել որպես տուժողի իրավահաջորդ, եթե տուժած անձը հանցագործության կատարման արդյունքում մահացել է։ Տուժողի իրավահաջորդն ունի մի շարք իրավունքներ, որոնցից կարող է օգտվել։ Մասնավորապես, տուժողի իրավահաջորդն իրավունք ունի ծանոթանալ հանցագործություն կատարած անձանց առաջադրված մեղադրանքին, քրեական գործով տալ ցուցմունքներ և բացատրություններ, ներկայացնել նյութեր քրեական գործին կցելու և հետազոտելու համար, հայտնել բացարկներ քննիչին, որը, ըստ նրա, կողմնակալ է կամ ցուցաբերում է անգործություն, հարուցել միջնորդություններ (վկաներ հարցաքննելու, ապացույցներ առգրավվելու, խուզարկություններ կատարելու, տեսանյութեր առգրավվելու և հետազոտելու և այլն), առարկել քրեական վարույթն իրականացնող մարմինների գործողությունների դեմ և պահանջել իր առարկությունները մտցնել քննչական կամ այլ դատավարական գործողությունների արձանագրության մեջ, ինչպես նաև դիտողություններ ներկայացնել արձանագրությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ։

Բացի սա, տուժողի իրավահաջորդը, դատարանի նիստին ներկա գտնվելու դեպքում, իրավունք ունի պահանջել նշված գործողության կամ դատարանի նիստի արձանա­գրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք, իր կարծիքով, պետք է նշվեն, ծանոթանալ դատական նիստի արձանագրությանը և ներկայացնել դրա մասին իր դիտողությունները, նախաքննության ավարտման պահից ծանոթանալ գործի բոլոր նյութերին, դրանցից պատճեններ հանել և գործից դուրս գրել ցանկացած ծավալի ցանկացած տեղեկություններ, մասնակցել առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նիստերին, իր խնդրանքով անվճար ստանալ քրեական գործը կարճելու, քրեական հետապնդումը դադա­րեցնելու, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումների պատճենները, մեղադրական եզրակացության կամ եզրափակիչ որոշման պատճենը, ինչպես նաև դատավճռի կամ դատարանի` այլ վերջնական որոշման պատճենը, բողոքարկել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի գործողությունները և որոշումները, այդ թվում` դատավճիռը և դատարանի այլ վերջնական որոշումը, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում հաշտվել կասկածյալի և մեղադրյալի հետ, առարկություններ ներկայացնել դատավճռի կամ դատարանի` այլ վերջնական որոշման դեմ բերված դատավարության այլ մասնակիցների բողոքների վերաբերյալ, օրենքով սահմանված կարգով ստանալ Քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառված վնասի փոխհատուցումը, ստանալ քրեական գործով վարույթի ընթացքում կրած ծախսերի հատուցումը, հետ ստանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես իրեղեն ապացույց կամ այլ հիմքերով վերցված գույքը, իրեն պատկանող պաշտոնական փաստաթղթերի բնօրինակները, ունենալ փաստաբան և դադարեցնել փաստաբանի լիազորությունները:

Դուք կարող եք վերոնշյալ Ձեր իրավունքներից օգտվել անարգել՝ այդ մասին դիմումներ և միջնորդություններ հասցեագրելով քննիչին։ Օրինակ՝ եթե դուք ցանկանում եք որպես տուժող ցուցմունք տալ, իսկ քննիչը չի ցանկանում, ապա գրավոր դիմում ներկայացրեք քննիչին, դիմումը մուտքագրեք քննչական բաժնի քարտուղա­րություն, և քննիչը ստիպված կլինի Ձեզ կանչելու հարցաքննության։ Հարկ է նշել, որ քննիչն ինքն է որոշում, թե նախաքննության ընթացքում ինչպիսի քննչական գործողություններ պլանավորի և իրակա­նացնի, սակայն ստանալով Ձեր դիմումը՝ քննիչը պարտավոր է 7-օրյա ժամկետում կայացնել որոշում՝ Ձեզ հարցաքննելու կամ դա հետաձգելու մասին։ Միաժամանակ, Դուք իրավունք չունեք ծանոթանալ նախաքննության այն տվյալների կամ նյութերի հետ, որոնք Ձեր մասնակցությամբ չեն կազմվել կամ ձեռք բերվել, քանի որ դրանք համարվում են նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկություններ և ենթակա չեն տրամադրման կամ ծանոթացման տուժողի իրավահաջորդին։ Քննչական բաժինների հասցեներն ու հեռախոսահամարները կարող եք գտնել այստեղ։   

Քննիչին ուղղված դիմումի օրինակը կարող եք ներբեռնել այստեղից:

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո4
Ոչ1