Դատավորը, իմ կարծիքով, ցուցաբերում է կողմնա­կա­լություն․ ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Դատարաններ

Դատավորը, իմ կարծիքով, ցուցաբերում է կողմնա­կա­լություն․ ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Դատավորների համար առկա են սահմանված վարքագծի հատուկ կանոններ, որոնց խախտումը նրանց համար կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության։ Այդ վարքագծի կանոնները սահմանված են ՀՀ դատական օրենսգրքի 12-րդ գլխում (68-73-րդ հոդվածներ), որոնց կարող եք ծանոթանալ այստեղ։

Եթե կարծում եք, որ Ձեր գործով դատավորը խախտում է օրենքով սահմանված իր վարքագծի կանոնները, ապա դրանց խախտման վերաբերյալ կարող եք դիմում-բողոք ներկայացնել ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդ, որն իրավասու է քննել դատավորների վարքագծի հետ կապված բողոքները, հարուցել կարգապահական վարույթներ և դատավորներին ենթարկել կարգապահական պատասխանատվության։ Դատավորի դեմ ներկայացվող դիմում-բողոքի օրինակը կարող եք ներբեռնել այստեղից։ Դատավորների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ։

Դատավորի կողմից վարքագծի կանոնների խախտման դեպքում Դուք կարող եք նաև Ձեր գործով տվյալ դատավորին ներկայացնել բացարկ հայտնելու մասին միջնորդություն՝ խնդրելով ընդունել այն և Ձեր գործը փոխանցել մեկ այլ դատավորի։ Դուք պետք է բացարկը հայտնեք մինչև նախնական դատական նիստի ավարտը, իսկ դրանից հետո մինչև գործի ավարտը կարող եք բացարկ հայտնել, եթե Դուք կհիմնավորեք, որ բացարկ հայտնելու հիմքերը ծագել և Ձեզ հայտնի են դարձել նախնական դատական նիստի ավարտից հետո։ Բացարկ հայտնելու դեպքում գործի քննությունն ընդհատվում է մինչև այդ հարցի լուծումը: Նիստը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան երեք օրով: Դատավորը բացարկի հարցը քննելու արդյունքում պետք է կայացնի որոշում, որում շարադրվում են բացարկի հիմքերը: Որոշումը հրապարակվում է դատական նիստի ընթացքում, որից հետո որոշումը անմիջապես հանձնվում կամ ուղարկվում է գործին մասնակցող անձանց: Դատարանի կողմից բացարկը բավարարվելու դեպքում բացարկված դատավորը փոխարինվում է, և գործի քննությունն սկսվում է սկզբից:

Բացարկ հայտնելու մասին միջնորդության ձևը կարող եք ներբեռնել այստեղից։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո18
Ոչ0