Տեղեկատվության տնօրինողը մերժել է տեղեկատվություն տրամադրել՝ պատճառաբանելով, որ դա նպատակահարմար չէ։ Ի՞նչ անել և ո՞ւմ դիմել

Տեղեկատվության ազատություն

Տեղեկատվության տնօրինողը մերժել է տեղեկատվություն տրամադրել՝ պատճառաբանելով, որ դա նպատակահարմար չէ։ Ի՞նչ անել և ո՞ւմ դիմել

Եթե Ձեր տեղեկատվության հարցումը ստանալով՝ տեղեկության տնօրինողը այն չի տրամադրել՝ պատճառաբանելով, որ դրա տրամադրումը կարող է անհարմարություն ստեղծել կամ լինել ոչ նպատակահարմար, ապա այդպիսի մերժումը անօրինական է և չպատճառաբանված։ Պետք է հիշել, որ տեղեկատվության տնօրինողն իրավունք ունի մերժել տեղեկատվության տրամադրումը բացառապես օրենքով սահմանված հիմքերով, որոնք հետևյալ հինգն են․

1) տեղեկատվությունը պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք.

2) տեղեկատվության տրամադրումը կարող է խախտել մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտ­նիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռա­գրական և այլ հաղորդումների գաղտնիությունը.

3) տեղեկատվությունը պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ.

4) տեղեկատվության տրամադրումը բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմա­նավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստա­բա­նական գաղտնիք).

5) տեղեկատվության տրամադրումը խախտում է հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները։

Բացի վերոնշյալ հիմքերից, տեղեկատվության տնօրինողը որևէ այլ պատճառաբանությամբ իրավասու չէ մերժել տրամադրել տեղեկատվությունը։ Ավելին, հստակ է այն կարգավորումը, համաձայն որի՝ տեղեկատվության տնօրինողը չի կարող մերժել տեղեկատվության տրամադրումը, եթե այն լրացուցիչ դժվարություններ է ներկայացնում իր համար կամ ստեղծում է անհարմարություններ։ Այս կարևոր սկզբունքը ապահովում է վարչական մարմինների կամայականությունների բացառումը։ Բացի այդ, տեղեկատվության տնօրինողը պարտավոր է իր մերժման մեջ հղում կատարել օրենքի այն նորմին, որի հիմքով մերժում է տրամադրել տեղեկատվությունը։

Նմանատիպ դեպքերում կարող եք կրկին նույն տեղեկատվությունը պահանջելու հարցում ուղարկել այն տնօրինողին՝ նշելով, որ տրամադրված մերժումն անհիմն է և չի բխում օրենքից։ Ձեր այս երկրորդ դիմումով կարող եք մանրամասն պարզաբանել, որ Ձեր հարցմանը ի պատասխան՝ անհիմն մերժում տրամադրելը խախտում է Ձեր իրավունքները, որ եթե երկրորդ անգամ ևս չտրամադրի այն, ապա կդիմեք դատարան Ձեր իրավունքների պաշտպանության նպատակով։

Սակայն եթե Դուք չեք ցանկանում երկրորդ անգամ դիմել և տեղեկատվությունը տնօրինողը պետական մարմին է, ապա Դուք կարող եք վերադասության կարգով ներկայացնել վարչական բողոք՝ պահանջելով պարտավորեցնել ստորադաս պետական մարմնին տրամադրել պահանջված տեղեկատվությունը։ Այս դեպքում կհարուցվի համապատասխան վարչական վարույթ, որի արդյունքների մասին Դուք գրավոր կերպով կտեղեկացվեք։ Վարչական բողոք ներկայանցնելու համար այն պետք է ձևակերպեք գրավոր, որից հետո այն ուղարկեք վերադաս մարմնին։

Դուք նաև իրավունք ունեք դիմել դատարան ընդդեմ տեղեկատվության տնօրինողի՝ պահանջելով պարտավորեցնել նրան տրամադրել անհրաժեշտ տեղեկությունները։ Այս դեպքում, ճիշտ է, դատական գործընթացները տևելու են երկար, սակայն լինելու են առավել արդյունավետ միջոց։ Ընդ որում, եթե տեղեկատվության տնօրինողը դատարան դիմելուց հետո կտրամադրի պահանջված տեղեկությունները, ապա Դուք նաև իրավունք կունենաք դատարանին խնդրելու՝ նրանից բռնագանձելու այն բոլոր դատական ծախսերը, որոնք կատարել եք դատարան դիմելու համար։

Տեղեկատվության տնօրինողին ուղղված առավել խիստ բովանդակության տեղեկատվության հարցման օրինակը կարող եք ներբեռնել այստեղից։

Վարչական բողոքի Ձևը կարող եք ներբեռնել այստեղից։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո3
Ոչ0

Մեկնաբանություն (1)

  1. Սմբատ
    Հունիսի 21, 2019

    Շնորհակալություն։