Ուզում եմ տեղեկատվություն ստանալ պետական մարմնից, բայց չգիտեմ, թե ինչպես: Ո՞ւմ դիմեմ

Տեղեկատվության ազատություն

Ուզում եմ տեղեկատվություն ստանալ պետական մարմնից, բայց չգիտեմ, թե ինչպես: Ո՞ւմ դիմեմ

Տեղեկություններ ստանալու նպատակով անհրաժեշտ է հարցում (դիմում) ուղղել պետական մարմնին՝ խնդրելով տրամադրել բոլոր այն տեղեկությունները, որոնք Դուք փնտրում եք կամ ցանկանում եք ստանալ։ Տեղեկատվություն ստանալու հարցումը կարող եք կազմել գրավոր՝ ձեռագիր գրված կամ տպագրված եղանակով։ Դրանում անհրաժեշտ է նշել այն պետական մարմնի անվանումը, որից ցանկանում եք ստանալ տեղեկությունները, պետք է նշեք Ձեր անունը և ազգանունը, քաղաքացիությունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության գտնվելու վայրը: Գրավոր հարցումը պետք է ստորագրված լինի։ Հարցման մեջ պետք է մատնանշել այն տեղեկությունները, որոնք ցանկանում եք ստանալ, կամ առաջադրել այն հարցերը, որոնց պատասխանները ցանկանում եք ստանալ։ Բացի այդ, կարող եք տեղեկատվության տնօրինողին խնդրել տրամադրել այն փաստաթղթերի պատճեները, որոնք պարունակում են Ձեզ հետաքրքրող տեղեկությունները։

Տեղեկություն ստանալու հարցմամբ կարող եք մատնանշել, թե ինչ եղանակով եք ցանկանում ստանալ տեղեկությունները։ Մասնավորապես, այն կարող եք ստանալ թղթային տարբերակով (այս դեպքում պարտավոր կլինեք վճարել 10 էջը գերազանցող յուրաքանչյուր փաստաթղթերի պատճենի համար), էլեկտրոնային փոստի միջոցով, էլեկտրոնային այն կրիչով, որը կցել եք Ձեր հարցմանը (ձայնասկավառակ),  կամ Ձեր փնտրած տեղեկություններին ծանոթանալ տեղում։ Ընդ որում, Դուք պարտավոր չեք հիմնավորել Ձեր հարցումը, թե ինչի համար եք ցանկանում ստանալ այն տեղեկությունները, որոնք փնտրում եք։

Գրավոր հարցման պատասխանը տրվում է հարցումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, իսկ եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումը ստանալուց հետո 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։

Եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությունը կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս է, ապա նա տվյալ գրավոր հարցումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին, իսկ հնարավորության դեպքում նրան տրամադրել նաև այդ տեղեկատվությունը տնօրինողի (այդ թվում՝ արխիվի) գտնվելու վայրը: Իսկ եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությանը վերաբերող բոլոր տվյալները, ապա նա դիմողին տալիս է տվյալների այն մասը, որն ունի, իսկ հնարավորության դեպքում գրավոր հարցման պատասխանում նշում է նաև այդ տեղեկատվությունը տնօրինողի (այդ թվում՝ արխիվի) գտնվելու վայրը:

Հարցումն անհրաժեշտ է ուղարկել փոստային ծառայության միջոցով՝ հետադարձ ծանուցմամբ, որ հետագայում կարողանաք հիմնավորել, թե տեղեկատվության տնօրինեողը կոնկրետ երբ է ստացել Ձեր հարցումը։

Տեղեկատվություն ստանալու հարցման Ձևը կարող եք ներբեռնել այստեղից։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո8
Ոչ2