Ցանկանում եմ հիմնադրել ՀԿ, որը հետագայում կարող է զբաղվել նաև բիզնեսով։ Ի՞նչ հարկեր պետք է վճարել, ինչի՞ց պետք է սկսել և ու՞մ պետք է դիմել

Հարկային եւ մաքսային ծառայություններ

Ցանկանում եմ հիմնադրել ՀԿ, որը հետագայում կարող է զբաղվել նաև բիզնեսով։ Ի՞նչ հարկեր պետք է վճարել, ինչի՞ց պետք է սկսել և ու՞մ պետք է դիմել

Նախ հարկ է նշել, որ հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության քաղա­քացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և (կամ) իրավաբանական անձանց հասարակական միավորում է, որը չունի շահույթ ստանալու նպատակներ։ Հետևաբար, երբ խոսքը գնում է հասարակական կազմակերպության հիմնադրման և դրանով գործունեություն ծավալելու մասին, ապա այն չի կարող ծավալել այնպիսի գործունեություն, որի արդյունքում շահույթ է ստացվելու կամ այդպիսին ստանալու նպատակ է հետապնդվելու (օրինակ՝ ՀԿ-ն չի կարող առևտրով զբաղվել կամ վճարովի ծառայություններ մատուցել և շահույթ ստանալ)։ Կազմակերպությունը կարող է ծավալել միայն հասարակական գործունեություն, որն ուղղված կլինի իր կանոնադրության մեջ նշված նպատակների իրականացմանը։

Եթե հասարակական կազմակերպությունում ցանկանում եք իրականացնել շահույթ ստանալու նպատակ հետապնդող գործունեություն, ապա պետք է ՀԿ-ն հիմնադրի առևտրային կազմակերպություն, օրինակ՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ), որի միջոցով էլ կարող է ծավալել շահույթ ստանալու նպատակ հետապնդող գործունեությունը։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ ՀԿ-ի կողմից հիմնադրված ՍՊԸ-ի ծավալած գործունեությունից ստացվող եկամուտները կարող են ուղղվել միայն հասարակական կազմակերպության կանոնադրական նպատակների իրականացմանը։

Հասարակական կազմակերպություն և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հիմ­նադրելու համար անհրաժեշտ է ներկայացնել այդ մասին դիմում և կից անհրաժեշտ փաստաթղթերը   իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստր։ Հասարակական կազմակերպություն հիմնադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարող եք ներբեռնել այստեղից, իսկ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հիմնադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերինը՝ այստեղից։

Կախված գործունեության տեսակից՝ ՍՊԸ-ն կարող է հարկվել տարբեր հարկային ռեժիմներով։ Եթե ՍՊԸ-ն ծավալելու է ծառայությունների մատուցում, ապա այն կարող է աշխատել շրջանառության հարկի դաշտում՝ վճարելով իր շրջանառությունից 5%-ի չափով հարկ։ Շրջանառության հարկով հնարավոր է աշխատել, եթե ՍՊԸ-ի տարեկան շրջանառությունը չի գերազանցի 58 միլիոն դրամը։ Եթե գերազանցի նշված շեմը, ապա ՍՊԸ-ն հարկվելու է ավելացված արժեքի հարկով՝ վճարելով ստացված եկամուտներից 20% հարկ։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո27
Ոչ2

Մեկնաբանություն (1)

  1. Անանուն
    Հունիսի 19, 2019

    Խնդրում եմ պարզաբանել, ինչ հարկեր եւ հաշվետվություններ պիտի մուծի եւ ներկայացնի ձեռնարկատիրական գործունեություն եւ ծառայություն մատուցող քաղաքացին։
    Գրեք նաեւ, խնդրում եմ ՀԴՄ-ի ունենալ-չունենալու մասին։
    Շնորհակալ եմ նախապես։