Երկու ամիս առաջ գնված սառնարանը թերություն ունի, վերանորոգումը չի օգնում․ ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ
Հարկ է արձանագրել, որ սպառողը, որին վաճառվել է ոչ պատշաճ որակի ապրանք, իրավունք ունի իր ընտրությամբ պահանջել`
ա) ապրանքի թերությունների անհատույց վերացում կամ սպառողի կողմից դրանց վերացման ծախսերի հատուցում.
բ) գնման գնի համաչափ իջեցում.
գ) նմանօրինակ նմուշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինում.
դ) այլ նմուշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինում` գնման գնի համապատասխան վերահաշվարկով.
ե) առուվաճառքի պայմանագրի լուծում:
Վերջին դեպքում սպառողը պարտավոր է հետ ընդունել թերություններով ապրանքը: Սպառողն իրավունք ունի պահանջել ոչ պատշաճ որակի ապրանքի վաճառքի հետևանքով իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում: Վնասները հատուցվում են սպառողի համապատասխան պահանջների բավարարման համար սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով կամ պայմանագրով սահմանված ժամկետներում:
Դուք վերոգրյալ պահանջները իրավունք ունեք ներկայացնել վաճառողին, եթե ապրանքը դեռևս գտնվում է երաշխիքային սպասարկման համար սահմանված ժամկետում: Ընդ որում, Ձեր պահանջները քննարկվում են, եթե Դուք ներկայացնում եք ապրանքային կամ դրամարկղային չեկ, իսկ այն ապրանքների նկատմամբ, որոնց համար սահմանված են երաշխիքային ժամկետներ, ներկայացնում եք երաշխիքային կտրոնները։ Այսինքն, Դուք իրավունք ունեք վաճառողից (արտադրողից) պահանջելու, որ Ձեզնից հետ ընդունի ոչ պատշաճ որակի սառնարանը, իսկ անհրաժեշտության դեպքում կատարել սառնարանի որակի ստուգում, որին կարող եք մասնակցել նաև Դուք։
Հարկ է իմանալ, որ սառնարանը նորոգման կամ փոխարինման համար դրա տեղ հասցնելը և Ձեզ վերադարձնելն իրականացվում են վաճառողի (արտադրողի) ուժերով և հաշվին: Այսինքն, եթե ցանկանում եք, որ վաճառողը փոխարինի Ձեր սառնարանը, ապա վաճառողը պարտավոր է Ձեր պահանջը ստանալուց հետո գալ, վերցնել Ձեր մոտից սառնարանը, և Ձեզ հանձնել նոր սառնարան։ Ոչ պատշաճ որակի սառնարանն էլ պետք է փոխարինվի նորով, այսինքն` չօգտագործված սառնարանով: Ապրանքի փոխարինման դեպքում երաշխիքային ժամկետը հաշվարկվում է նորից` ապրանքը սպառողին հանձնելու օրից սկսած:
Եթե վաճառողը Ձեր պահանջները չի կատարում, ապա այդ մասին կարող եք ահազանգել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-581-122, կամ թեժ գիծ՝ 011-597-167։ Առավել մանրամասն տեղեկությունների կարող եք ծանոթանալ այստեղ։
Ձեր բողոքների մասին կարող եք բարձրաձայնել նաև սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպություններ կամ տեղական ինքնակառավարման մարմիններում գործող առևտրի և սպասարկումների բաժին: