Առանց երաշխիքի արդուկ եմ գնել, որը մեկ ամիս անց փչացել է․ ի՞նչ անել և ո՞ւմ դիմել
Նկարագրված իրավիճակում հարկ է արձանագրել, որ վաճառողը պարտավոր է յուրաքանչյուր գնորդի վաճառել այնպիսի որակի ապրանք, որը պիտանի է այն նպատակներին, որոնց համար այդ տեսակի ապրանքը սովորաբար օգտագործվում է։ Առկա են ապրանքների այնպիսի տեսակներ, որոնց համար տվյալ ապրանքների տեխնիկական անձնագրերով նախատեսված են պիտանիության ժամկետներ, որոնց ընթացքում հնարավոր է ապրանքը օգտագործել ըստ ապրանքի օգտագործման նպատակների (գործարանային ժամկետ)։ Նման ապրանքների դեպքում վաճառողն ապրանքը գնորդին վաճառելուց պետք է տեղեկացնի այդպիսի ժամկետների մասին և ապրանքը վաճառի այն հաշվարկով, որ գնորդը կարողանա ապրանքը օգտագործել ըստ նշանակության։ Նկարագրված իրավիճակում վաճառողը Ձեզ վաճառել է արդուկ, որի օգտագործման գործարանային ժամկետը ավել է մեկ ամսից, որը նշանակում է, որ կա՛մ ապրանքն ի սկզբանե ուներ թերություն, կա՛մ այդպիսի թերությունը առաջացել է արդուկը Ձեզ վաճառելուց հետո։
Առաջացած խնդրի մասին առաջնահերթ անհրաժեշտ է տեղյակ պահել խանութ-սրահին՝ պահանջելով փոխարինել ապրանքը նույն տեսակի և մոդելի ապրանքով, կամ վերադարձնել ապրանքի գումարը, եթե առկա չէ այդ ապրանքից։ Ապրանքը հետ վերադարձնելիս անհրաժեշտ է ապարանքի հետ խանութ-սրահին հետ վերադարձնել արդուկի տուփը և տեխնիկական անձնագիրը, վճարման անդորրագիրը, որով կհավաստվի, որ հենց այդ տեխնիկայի խանութից եք գնել ապրանքը։ Խանութ սրահի աշխատակիցներն իրավունք ունեն կատարել ապրանքի ստուգում՝ պարզելու համար անսարքության պատճառները, իրավունք ունեն ստուգելու, թե արդյո՞ք առկա են արդուկի արտաքին մակերեսի վրա վնասվածքի հետքեր և այլն։ Եթե ստուգման ընթացքում վաճառողը հավաստիանում է, որ ապրանքի թերություններն առկա են եղել ի սկզբանե (գործարանային թերություն), ապա գնորդը իրավունք ունի փոխարինել ապրանքը այլ նման ապրանքով, հետ ստանալ վճարված գումարը կամ հավելավճարով գնել այլ ապրանք։ Իսկ եթե վաճառողն ապրանքը ստուգելուց հետո հրաժարվում է հետ վերցնել ապրանքը կամ փոխարինել այն՝ զուտ պատճառաբանելով, որ անցել է արդեն մեկ ամիս, ապա այդ իրավիճակում առաջնահերթ անհրաժեշտ է, որ Դուք Ձեր հաշվին պարզեք, թե արդուկի անսարքության պատճառը որն է։ Դա կարող եք իրականացնել ապրանքագիտական փորձաքննութուն պատվիրելու և իրականացնելու միջոցով։ Փորձագիտական կազմակերպությունների ցանկին և կապի միջոցներին կարող եք տեղեկանալ այստեղ` որոնման դաշտում գրելով «փորձագետ» բառը։
Եթե փորձաքննությամբ հաստատվի, որ անսարքությունն առկա է եղել այն գնելու ժամանակ և ձեզ վաճառվել է անորակ ապրանք, ապա փորձաքննության եզրակացության պատճեն ներկայացնելով վաճառողին՝ կրկին պահանջեք, որ այն փոխարինվի նորով կամ անսարքությունը վերացվի, իսկ կրկին մերժում ստանալու դեպքում պետք է Ձեր իրավունքների պաշտպանության նպատակով դիմել դատարան։
Խնդրի մասին կարող եք Ձեր դժգոհությունները գրառել նաև խանութ-սրահի այն պաշտոնական էջերում, որոնք բացված են տարբեր սոցիալական կայքերում՝ հրապարակելով լուսանկարներն ու տեսաձայնագրությունները։ Այս քայլը ևս միջոց է խանութ-սրահի անօրինական գործողությունները կանխելու և Ձեր իրավունքները վերականգնելու համար։
Ձեր խնդրի մասին տեղում կարող եք ահազանգել նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, որի նպատակների մեջ է մտնում նաև սպառողների իրավունքների պաշտպանությունը տնտեսվարողների անբարեխիղճ գործողություններից։ Անհրաժեշտ է ահազանգել հետևյալ հեռախոսահամարով՝ 010-543-985, հասցեն՝ ք․ Երևան, Մ․ Մկրտչյան փողոց 5բ շենք։ Ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ:
Ձեր բողոքների մասին կարող եք բարձրաձայնել նաև սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպություններում կամ տեղական ինքնակառավարման մարմիններում գործող առևտրի և սպասարկումների բաժիններում։