Համացանցով սնունդ եմ պատվիրել առաքող կազմակերպությունից, բայց սխալ բան են առաքել՝ այն էլ ուշացումով․ ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Սպառողների իրավունքներ

Համացանցով սնունդ եմ պատվիրել առաքող կազմակերպությունից, բայց սխալ բան են առաքել՝ այն էլ ուշացումով․ ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Առաջնահերթ պետք է պարզել, թե նշված կազմակերպությունը, որի կայքով կատարել եք պատվերը, ինչ կարգով է իրականացնում պատվերի ընդունումը և առաքումը, արդյո՞ք հենց նա է ստանում Ձեր պատվերը և այն փոխանցում սնունդ վաճառող կազմակերպությանը, թե՞ միայն առաքում է իրականացնում, իսկ Ձեր պատվերը կայքով անմիջապես ստանում է սնունդ վաճառող կազմակերպությունը։ Այդ տեղեկատվությունը պետք է առկա լինի այն կայքում, որի միջոցով կատարում եք սննդի պատվերը։ Եթե այդպիսի տեղեկատվությունն առկա չէ, ապա դա նշանակում է, որ Ձեզնից պատվեր ստացողը և այն իրականացնողը ոչ թե սնունդը վաճառող կազմակերպությունն է, այլ այն կազմակերպությունն է, որին կայքով տալիս եք պատվեր։ Կայքը ղեկավարող կազմակերպությունն ունի պարտականություն՝ ստանալով պատվեր՝ այն փոխանցել սնունդ վաճառող կազմակերպությանը, վճարել սննդի համար հաճախորդից (այսինքն՝ Ձեզնից) ստացվող գումարով, վերցնել պատվիրված սնունդն այն պատրաստող կազմակերպությունից, ստուգել պատվերի ճշտությունն ու ամբողջականությունը, որից հետո միայն՝ առաքել։

Վերոգրյալ սխեմայում Դուք հանդիսանում եք այն միջնորդ կազմակերպության հաճախորդը, որը Ձեզ համար Ձեր պատվերով վճարի դիմաց իրականացնում է տարբեր սնունդ պատրաստող կազմա­կեր­պություններից սննդի գնում և առաքում է Ձեզ։ Ճիշտ է, Դուք եք օգտագործում այն սնունդը, որը պատրաստել են տարբեր ապրանքանիշի կազմակերպություններ, սակայն այն փաստացի գնել է Ձեզ համար այն կազմակերպությունը, որին տվել եք Ձեր պատվերը, և սնունդ արտադրող կազմակեր­պությունն անձամբ Ձեզանից չի ստացել որևէ պատվեր։ Իսկ առաքման պայմաններն ու իրականացման կարգն այն հիմնական պայմաններն են, որոնց հետ Դուք և առաքող կազմակերպությունը համաձայնվել եք միմյանց հետ կնքել գործարք, որոնի խախտումն էլ ինքնին հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության։ Եթե այն կազմակերպությունը, որին կայքով տվել եք Ձեր պատվերը, Ձեզ առաքել է լիովին այլ սնունդ, քան պատվիրել էիք, և այն ուշ է առաքվել նշված ժամից, ապա դա նշանակում է, որ կատարվածի մեջ պատասխանատու է միայն Ձեզնից պատվեր ստացած կազմա­կերպությունը, որը պարտավոր էր Ձեր պատվիրած սնունդն այն պատրաստող կազմակերպությունից ստանալիս ստուգել դրա ամբողջականությունը և ճշտությունը, որպեսզի կարողանար ճիշտ սնունդ և ճիշտ ժամանակին Ձեզ առաքեր։ Նման պայմաններում Դուք իրավունք ունեք չընդունելու առաքված սխալ սնունդը, իրավունք ունեք չվճարելու դրա դիմաց, քանի որ դա չէիք պատվիրել նրանցից՝ միաժամանակ պահանջելով, որ Ձեզ առաքեն Ձեր պատվիրած սնունդը։

Իսկ եթե առաքվել է անորակ սնունդ, որից դժգոհ եք, ապա դրա արդյունքում առաջացած հետևանքի համար պատասխանատու է միայն սնունդ պատրաստող կազմակերպությունը, իսկ Ձեր պատվերն ընդունած և այն առաքած կազմակերպությունը պետք է հանդիսանա սննդի որակի վերաբերյալ Ձեր բողոքը ընդունող և սնունդ պատրաստող կազմակերպությանը փոխանցող սուբյեկտը, որը միայն պատասխանատու կլինի վերադարձնելով Ձեր գումարը՝ փոխհատուցում պահանջել սնունդ պատրաստած կազմակերպությունից։

Իսկ եթե առաջանան անհամաձայնություններ սնունդ առաքող կազմակերպության հետ, ապա կարող եք սննդի որակի հետ կապված Ձեր դժգոհությունները և բողոքները ներկայացնել ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն հետևյալ հասցեով՝ ք․ Երևան, Կոմիտասի 49/2, կամ զանգահարել վերջինիս թեժ գծի հետևյալ հեռախոսահամարով՝ 010-20-60-40։ Թեժ գծով ըստ ոլորտների պատասխանատու անձանց վերաբերյալ տվյալներին և հեռախոսահամարներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ձեր բողոքների մասին կարող եք բարձրաձայնել նաև՝ դրանք էլեկտրոնային փոստով ուղարկելով ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո2
Ոչ1