Անհայտ անձինք փորձում են պարզել, թե ում եմ ընտրելու։ Ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Ընտրություններ

Անհայտ անձինք փորձում են պարզել, թե ում եմ ընտրելու։ Ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Նախընտրական շրջանում ընտրական հանցագործությունների մասին անանուն ազդարարելու համար կարող եք լրացնել հետևյալ ձևանմուշը։

Յուրաքանչյուր անձ ունի քվեարկության գաղտնիության իրավունք, և այս իրավունքը որևէ կերպ խախտել չի թույլատրվում: Ավելին, ընտրողի համար քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլև պարտա­կանություն: Իսկ ընտրողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողությունն արգելվում է օրենքով:

Քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը առաջացնում է քրեական պատասխանատվություն՝ ընդհուպ մինչև 5 տարի ժամկետով ազատազրկում։

Այն դեպքում, երբ որոշակի անձինք փորձել են բացահայտել, թե ում եք քվեարկել, փորձել են խախտել ընտրության գաղտնիության իրավունքը, ապա պետք է անմիջապես դիմել հանձնաժողովի նախագահին՝ խնդրելով հրավիրել այդ ընտրատեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանին, որպեսզի նա Ձեզանից հաղորդում վերցնի կատարվածի մասին։ Անհրաժեշտ կլինի նաև, որ ոստիկանության աշխատակցին և հանձնաժողովի նախագահին մատնացույց անեք այն անձին, որը փորձել է խախտել քվեարկության գաղտնիությունը, իսկ անհնարինության դեպքում նկարագրել այդ անձին։ Եթե հանձնաժողովի նախագահը կհրաժարվի կամ կարգելի հրավիրել ոստիկանության աշխատակցին, ապա այդ մասին կարող եք հայտնել տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին՝ հայտնելով, թե կոնկրետ որ ընտրատեղամասում է առաջացել նման խնդիր։ Տարածքային ընտրական հանձնաժողովների վերաբերյալ տեղեկությունները կարող եք ծանոթանալ այստեղ:

Իսկ թե որն է Ձեր ընտրատեղամասի համարը՝ կարող եք որոնել և գտնել այստեղ։

Տեղի ունեցածի մասին կարող եք նաև ահազանգել ՀՀ ոստիկանության թեժ գծի հեռախոսահամարով՝ 1-02, հայտնելով կատարվածի մասին, ինչպես նաև այն ընտրատեղամասի համարը, որտեղ տեղի է ունեցել դեպքը։

Միաժամանակ, կարող եք նաև պահանջել հանձնաժողովի նախագահից, որ նա տեղի ունեցածի մասին գրառում կատարի գրանցամատյանի համապատասխան էջում, կամ կարող եք խնդրել նաև խախտմանն արձագանքել ընտրատեղամասում գտնվող դիտորդներին և լրատվամիջոցներին, որոնք կօգնեն ձեռնարկվելիք գործողություններին։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո3
Ոչ0