Ուշացրել եմ վարկիս վճարումը, և բանկն ինձնից անհամաչափ տույժեր ու տուգանքներ է պահանջում: Ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Բանկեր եւ ֆինանսներ

Ուշացրել եմ վարկիս վճարումը, և բանկն ինձնից անհամաչափ տույժեր ու տուգանքներ է պահանջում: Ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

2018 թվականի մայիսին տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում նոր ձևավորված Կառավարության և բանկերի միջև ձեռք բերված համաձայնությամբ բանկերը ներում են ֆիզիկական անձանց վարկերի տույժերը և տուգանքերը:

Մասնավորապես, բանկերը ազատվել են այն հարկերից, որոնք պարտավոր էին վճարել տույժերի և տուգանքների գանձումներից: Փոխարենը բանկերը համաձայնել են տույժերն ու տուգանքները ներել բոլոր այն քաղաքացիներին, որոնք կդիմեն իրենց, կկատարեն վարկի և տոկոսների մարման վերաբերյալ նոր առաջարկվող ժամանակացույցով առաջին վճարումը և կկնքեն նոր համաձայնագիր բանկի հետ։ Հարկերից ազատումն էլ բանկերին հնարավորություն է ընձեռել ներել տույժերն ու տուգանքները։ Եթե վարկի վճարումը չկատարելու պատճառով առկա են կուտակված տույժեր ու տուգանքներ, և ցանկանում եք, որ բանկը դրանք ների և Ձեզ հետ նոր ժամանակացույց կնքի, ապա անհրաժեշտ է անձնագրով մոտենալ տվյալ բանկի մոտակա մասնաճյուղ՝ խնդրելով ներել տույժերն ու տուգանքները և կնքել նոր ժամանակացույց՝ կատարելով առաջին վճարումը։ Առաջին վճարումը կատարելով՝ Դուք հավաստում եք, որ պատրաստակամ եք շարունակել կատարել պատշաճ վճարումներ։ Հարկ է հաշվի առնել, սակայն, որ բանկը կայացնում է անհատական որոշումներ և կարող է մերժել ներել տույժերն ու տուգանքները կամ ներել դրանց մի մասը:

Կարելի է նաև դիմում գրել ՀՀ վարչապետին՝ հայտնելով, որ բանկը հրաժարվում է կատարել իր պայմանավորվածությունը և մերժում է ներել տույժերն ու տուգանքները, որը Ձեզ անհավասար իրադրության մեջ է դնում մյուս այն քաղաքացիների հետ, որոնց տույժերն ու տուգանքները բանկը ներել է, միաժամանակ խնդրելով միջամտել հարցի լուծմանը։ Կարող եք նաև զանգահարել ՀՀ կառավարության թեժ գիծ 1-17 հեռախոսահամարով և հայտնել բանկի անվանումը, մերժելու այն պատճառները, որոնք բանկն է հայտնել Ձեզ, խնդրելով միջամտել հարցի լուծմանը։

Եթե Ձեր հանդեպ բանկի պահանջը դեռևս քննվում է դատարանում, ապա Դուք իրավունք ունեք պահանջ ներկայացնել դատարանին՝ խնդրելով նվազեցնել տույժերի ու տուգանքների չափը: Դատարանը իրավունք ունի քննարկել Ձեր պահանջը և նվազեցնել բանկի կողմից պահանջված տույժերի և տուգանքների չափերը։

ՀՀ վարչապետին ուղղված դիմումի օրինակը կարող եք ներբեռնել այստեղից:

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո122
Ոչ7

Մեկնաբանություններ (3)

  1. Արսեն
    Ապրիլի 23, 2019

    Բարև ձեզ, ասեք խնդրեմ, իսկ ինչու չենք կարողանում բացել վարչապետին ուղղված դիմումի օրինակը։

  2. Սարգիս
    Հունիսի 15, 2019

    Շատ ուրախալի լուր։

  3. Անանուն
    Հուլիսի 9, 2019

    Իսկ եթե խմբայի՞ն վարկ է, և չվճարող վարկառուն երկրում չէ։ Ի՞նչ խորհուրդ կտաք։