Դպրոցում գումար են հավաքում համազգեստի համար, բայց ես այդքան չունեմ: Ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ
Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական ուսումն անվճար է, և պետությունը պարտավոր է ապահովել անվճար հանրակրթական կրթություն ստանալու՝ երեխայի իրավունքների իրականացումը։
Դպրոցական միատեսակ համազգեստ ունենալու պահանջը Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից չի բխում, այլ հիմնված է դպրոցների կողմից ինքնավարության իրականացման լիազորության վրա: Այնուամենայնիվ, նման լիազորության իրացումը չի կարող անբարենպաստ հետևանք, տվյալ դեպքում` լրացուցիչ բեռ առաջացնել դպրոցում սովորողների համար:
Հայաստանի Հանրապետությունն ապահովում է կրթության իրավունքը` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային դրությունից կամ այլ հանգամանքներից: Մասնագիտական կրթության իրավունքի սահմանափակումները նախատեսվում են օրենքով: Պետությունը կրթության իրավունքն ապահովում է կրթություն ստանալու համար սոցիալ-տնտեսական պայմանների ստեղծմամբ: Ավելին, հանրակրթական դպրոցների առաջին դասարանների աշակերտներին պետությունը, պետական բյուջեի միջոցների հաշվին, անվճար ապահովում է դասագրքերով, իսկ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին` տարրական ընդհանուր կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով:
Դուք կարող եք հրաժարվել դպրոցական միատեսակ համազգեստ ունենալու նպատակով հավաքվող գումարները վճարելուց: Կարող եք դիմել դպրոցի տնօրենին՝ նրան պարզաբանելով, որ դպրոցը իրավունք չունի երեխաներից և նրանց ծնողներից որևէ գումար հավաքել։ Եթե դրանով հանդերձ Ձեր խնդիրը չլուծվի և շարունակեն պահանջել գումարը, կամ այն չվճարելու պատճառով Ձեր երեխայի համար ստեղծեն անհավասար պայմաններ կամ վատ վերաբերմունք ցուցաբերեն, ապա կարող եք այդ մասին անմիջապես ահազանգել Երևանի քաղաքապետարանի թեժ գծով՝ 1-08 հեռախոսահամարով, կամ անմիջապես Երևանի քաղաքապետարանի կրթության բաժին՝ 011 514-249 և 011 514-250 հեռախոսահամարներով։
Իսկ եթե գտնում ենք, որ դպրոցում նման երևույթը կրում է մասսայական բնույթ, ապա կարող եք ահազանգել նաև ոստիկանություն՝ 1-02 հեռախոսահամարով, կամ ներկայանալ տարածքային ոստիկանություն՝ ներկայացնելով հաղորդում։