Դպրոցի աշակերտն անընդհատ վիճում է, խանգարում դասապրոցեսը. ո՞ւմ կարող է դիմել ուսուցիչը և ի՞նչ իրավունքներ նա ունի

Կրթություն

Դպրոցի աշակերտն անընդհատ վիճում է, խանգարում դասապրոցեսը. ո՞ւմ կարող է դիմել ուսուցիչը և ի՞նչ իրավունքներ նա ունի

Դպրոցներում երեխաների կարգապահությունն ապահովվում է օրենքով, ուսումնական հաստա­տության կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով սահմանված կարգով: Յուրաքանչյուր դպրոց ունի իր ներքին կարգապահական կանոնները, որոնք չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում դպրոցի տնօրինությունը միջին և ավագ դպրոցների սովորողների նկատմամբ կարող է կիրառել բացառապես հետևյալ կարգապահական տույժերը.

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն:

Վերոնշյալ կարգապահական տույժը մեկ ուսումնական տարվա ընթացքում նույն սովորողի նկատմամբ կրկնակի կիրառվելու դեպքում ուսումնական հաստատությունը կարող է`

1) առաջարկել ծնողին սովորողին տեղափոխել այլ ուսումնական հաստատություն.

2) դիմել սոցիալական աջակցության բնագավառի լիազոր մարմնին` երեխային սոցիալական աջակցություն ցուցաբերելու առաջարկով:

Եթե աշակերտը վիճում է այլ աշակերտների հետ, վիրավորում է ուսուցչին կամ մշտապես խանգարում դասապրոցեսը, ապա ուսուցիչը պետք է աշակերտին ներկայացնի տնօրենին՝ ներկա­յացնելով զեկուցագիր կատարված միջադեպի մասին և խնդրելով աշակերտի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ՝ կատարված իրավախախտմանը համապատասխան։ Սովորողի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կարգապահական տույժը կարող է հանվել, եթե սովորողը կարգապահական նոր խախտում թույլ չի տվել և դրսևորել է իրեն որպես բարեխիղճ, օրինակելի, կարգապահ սովորող: Ընդ որում, հարկ է ընդգծել, որ ուսուցիչը կամ որևէ այլ անձ իրավասու չէ դիմել ֆիզիկական կամ հոգեբանական բռնության՝ աշակերտի կարգապահությունը բարձրացնելու նպատակով։ Եթե աշակերտը այնպիսի վարքագիծ է դրսևորում, որ կարգապահական տույժերն ի զորու չեն ապահովել դրա վերականգնումը, ապա ուսուցչի ներկայացմամբ դպրոցի տնօրենը պետք է դիմի տվյալ դպրոցը սպասարկող ոստիկանության տեսուչին՝ երեխային հաշվառման վերցնելու և նրա հետ աշխատանքներ իրականացնելու համար։ Աշակերտի կարգապահությունը բարձրացնելու նպատակով ուսուցիչը կարող է այդ մասին հայտնել աշակերտի ծնողին, իսկ որոշ դեպքերում էլ տնօրենը իրավասու է ծնողին առաջարկել երեխային տեղափոխել մեկ այլ դպրոց։

Բոլոր դեպքերում, ուսուցիչներն իրենց իրավունքներին և պարտականություններին պետք է հետևեն օրենքով սահմանված կարգով և դեպքերում՝ պահպանելով աշակերտների իրավունքները, իսկ դրանց մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող են զանգահարել ՀՀ կրթության և գիտության նախարարության թեժ գիծ՝ 010-527-343 հեռախոսահամարով։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո78
Ոչ7