Բուհում քննությունս անարդարացիորեն անբավարար են գնահատել․ ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Կրթություն

Բուհում քննությունս անարդարացիորեն անբավարար են գնահատել․ ի՞նչ անեմ և ո՞ւմ դիմեմ

Բարձրագույն ուսումնական հաստատության սովորողը բարձրագույն (հետբուհական) կրթության սուբյեկտ է, որն ունի մի շարք իրավունքներ և պարտականություններ: Այդ իրավունքների թվին է դասվում սովորողի՝ բողոքարկման իրավունքը։ Բարձրագույն ուսումնական հաստատության սովորողն իրավունք ունի բողոքարկելու բարձրագույն ուսումնական հաստատության ղեկավարության կայացրած որոշումները, հրամաններն ու կարգադրությունները։ Բողոքարկումը կատարվում է գրավոր ձևով՝ բողոքն հասցեագրելով բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորին։ Բողոքն իր մեջ պետք է պարունակի Ձեր բոլոր առարկություններն ու դիտարկումները՝ կապված ավարտական քննության ժամանակ Ձեր պատասխանի հետ։

Մինչ բողոքարկելը, անհրաժեշտ է պարզել, թե արդյո՞ք ավարտական քննության ընթացքը ձայնագրվում էր, թե՞ ոչ։ Եթե այն ձայնագրվում էր, ապա Դուք իրավունք ունեք դիմել և ստանալ ավարտական քննության Ձեր պատասխանի ձայնագրությունը և ուսումնասիրել, թե որքանով է համապատասխանում տրված գնահատականը Ձեր պատասխանին։ Բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորը, ստանալով Ձեր գրավոր բողոքը, պարտավոր է դրա հիման վրա պետական քննությունն ընդունող հանձնաժողովում քննել այն և դրա վերաբերյալ կայացնել համապատասխան որոշում՝ բավարարելով կամ մերժելով այն։ Բավարարվելու դեպքում ռեկտորը հանձնաժողովի համաձայնությամբ իրավունք ունի փոփոխելու կայացված որոշումը կամ նշանակելու նոր քննության օր։ Իսկ Ձեր բողոքը մերժվելու դեպքում այն կարող եք բողոքարկել ինչպես ըստ վերադասության, այնպես էլ՝ դատարան։ Ըստ վերադասության բողոքարկելու դեպքում Ձեր գրավոր բողոքը պետք է ուղղեք ՀՀ կրթության և գիտության նախարարին՝ խնդրելով հարուցել վարչական վարույթ և վերանայել կայացված որոշումը։ Բողոքի քննության վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել ՀՀ կրթության և գիտության նախարարության թեժ գիծ՝ 010-527-343 հեռախոսահամարով։

Դատարան դիմելու նպատակով անհրաժեշտ է կազմել հայցադիմում ավարտական քննության արդյունքներով կայացված որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին։

Օգտակա՞ր էր արդյոք այս հոդվածը:
Այո8
Ոչ0